Վերջերս ԵՄ-Արեւելյան գործընկերության երկրներ հարաբերությունների մասին աշխատաժողովի էի մասնակցում Ստոկհոլմում։ «Նախ հստակեցնենք, թե Եվրոպա ասելով ինչ նկատի ունենք՝ մեր պատկերացրած իդեալական Եվրոպա՞ն, Եվրամիությո՞ւնը, թե՞ Եվրոպայի մասին շինծու պատկերացումները»,- աշխատաժողովի մեթոդիստն էր։
Մեթոդական այս հորդորը մեխվել է ուղեղիս մեջ, քանի որ այն առանցքային է ոչ միայն աշխատաժողովի համար, այլեւ Եվրոպան քննարկող, եվրոպական քաղաքականությունը վերլուծող, դեպի Եվրոպա կամ ընդդեմ Եվրոպայի քայլերը վերհանող հասարակական-քաղաքական շրջանակների համար։
Հայաստանյան ժամանակակից քաղաքական ու մերձքաղաքական քննարկումները նույնպես անվերջ եզրահանգումներ են անում Եվրոպա գնալ/չգնալու, եվրոպական բարքերը բերել-չբերելու, արտաքին քաղաքականությունը Եվրոպայի հետ կապել/չկապելու հարցերի վերաբերյալ՝ հաճախ վերոնշյալ եվրոպաները դիտավորյալ դերափոխելով կամ առանց գիտակցելու, որ դրանք նույնը չեն։
Եվրոպայի մասին պատկերացումներն ու դրա լուսավորության պտուղների արդյունքների հանդեպ հայկական շրջանակների արդարացի համակրանքը պատմական փաստ են եւ իրողություն։ Եվրոպական երկրների գիտական, մշակութային, քաղաքական մտքի նվաճումները անտարբեր չէին թողնում ժամանակակիցներին, ու մենք էլ դրանից անմասն չենք մնացել։ Հաճախ էլ եվրոպական նվաճումներին ծանոթացել ենք Պետրոսի բացած պատուհանի կամ Բոսֆորի նեղուցի միջոցով։
Եվրոպայի քաղաքականության մասին բացասական ընկալումների մի զգալի բաժին ծագում է Առաջին աշխարհամարտին նախորդող ու դրա ժամանակ եվրոպական երկրներից ակնկալվող աջակցության համատեքստից։ Այս համատեքստը հաճախ է հիշատակվում որպես նույնական այսօրվա իրադրության հետ․ զուգահեռներն անվերջ են հատկապես կոպիտ հակաեվրոպական քարոզչությամբ զբաղվողների ելույթներում, հարցազրույցներում։ Զուգահեռները, սակայն, չափից դուրս ձգած են՝ հաշվի առնելով մեր բոլորովին այլ իրադրությունը․ մի բան է, երբ Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի ազգային փոքրամասնության կարգավիճակով ես «օգնություն ակնկալում», այլ բան է, երբ որպես պետություն ես հարաբերվում եվրոպական երկրների հետ առանձին ու ԵՄ-ի հետ՝ որպես կառույց։
Նմանությունները գուցե մնացել են մեր դիվանագիտության ձեւի մեջ՝ օգնություն սպասողի, արդարության պակասից նեղսրտողի, թիկունք ակնկալողի, բողոքողի դիվանագիտության մեջ։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, ԵՄ-ի հետ իր հարաբերություններն այս փուլում կարգավորում է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում։ Գործընկերության այս ծրագրի հիմքում ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության բուֆեր ստեղծելու գաղափարն էր ընկած։ Ծրագրի ջատագովները կարծում էին, որ եթե ԵՄ-ի արեւելյան վեց հարեւանները, նախկին խորհրդային հանրապետությունները (Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) ներքին բարեփոխումների ու տնտեսական ավելի սերտ համագործակցության արդյունքում ավելի մոտ լինեն ԵՄ-ին, Ռուսաստանի համար բարդ կլինի նրանց վրա ազդեցություն ունենալն ու իր նախկին սահմաններին վերադառնալը։
Ծրագիրը, սակայն, իր նախնական նպատակով չէր ենթադրում ու հիմա էլ չի ենթադրում ԵՄ անդամակցություն ծրագրի երկրների համար․ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հայցերը անդամության վերաբերյալ դիտարկվել են ոչ թե որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այլ որպես Ռուսաստանի ագրեսիայի ենթարկված եւ պոտենցիալ թիրախ երկրների հայցեր։
Այլ կերպ ասած՝ Արեւելյան գործընկերությունը ոչ այնքան ԵՄ-ի ընդլայնման, որքան Ռուսաստանի վերաընդլայնումը կանխելուն միտված ծրագիր էր․ մինչեւ Ուկրաինական պատերազմը։
Ինչ է լինելու ծրագրի հետ պատերազմից հետո՝ դեռեւս անհայտ է այնքան, որքան անհայտ է, թե երբ եւ ինչպես է հնարավոր հասնել պատերազմի՝ «հետո» փուլին։ Իսկ առհասարակ ԵՄ-ի ընդլայնման տրամաբանության հիմքում ընկած են 1993 թվականին ընդունված Կոպենհագենյան չափանիշները, ըստ որոնց՝ որեւէ երկրի՝ ԵՄ անդամակցության հարցը քննարկելու համար այդ երկիրը պիտի բավարարի ժողովրդավարական, իրավական, աշխարհագրական ու տնտեսական մի շարք չափանիշների։
«Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում Հայաստանը մի շարք կարեւոր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու «հանձնարարական» ունի․ հանձնարարականներ, որ միաժամանակ նպաստում են պետական ինստիտուտների կայացմանը, իշխանության թեւերի բաժանմանն ու միմյանց հանդեպ վերահսկողության եւ հավասարակշռման ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների ապահովմանը, տնտեսության ոլորտում համապատասխան չափանիշների ներդրմանը։ Այս բարեփոխումներն ընթանում են «more for more» կամ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով, այլ կերպ ասած՝ որքան ավելի շատ բաերփոխումներ, այդքան ավելի շատ ֆինանսական ու ինստիտուցիոնալ օգնություն։
Նպատակ չունեմ՝ այս հոդվածի շրջանակում մանրամասնելու Հայաստան-ԵՄ գործակցության բոլոր դրվագները։ Բայց ուզում եմ շեշտել, որ երբ խոսում ենք եվրոպական ուղղության քաղաքականության եւ այս իրական համագործակցություններից դուրս, երեւակայական, իդեալական Եվրոպայի մասին, այսօր-վաղը ԵՄ անդամակցության կամ առանց գործ անելու, ճամպրուկները հավաքելու եւ Եվրոպա գնալու մասին ենք խոսում մի կողմից, իսկ մյուս կողմից հակաեվրոպական կեղծ քարոզչության ձեւակերպումներով նույնքան երեւակայական Եվրոպայի դեմ ենք պայքարում, բաց ենք թողնում իրական հնարավորությունները՝ ԵՄ-ի հետ հարաբերություններից քաղելու առավելագույնը մեր պետության ու հասարակության բարօրության համար։
Այս իմաստով քաղաքական դաշտում իրենց իրենց արևմտամետ հռչակածների մեծ մասն ու իրենց անհատական եվրոպական գասպարալողի մասին առասպելներ պատմողներն ավելի շատ վնասում, քան օգնում են հասարակության ու պետության եվրոպականացմանը, Կոպենհագենյան չափանիշների իմաստով եվրոպականացմանը։
Ի վերջո, քաղաքականությունը որեւէ դրսի ուժի պաթոսախեղդ հաճոյախոսություններով ընկալելը այլ բան չէ, քան արեւելյան քաղաքական մշակույթի արխաիզմ, այդպիսի արխաիզմներով նոր աշխարհում եվրոպականացման մասին խոսելը նույնն է, ինչ խտրական բառապաշարով էգալիտար հասարակության համար պայքարը։ Բացի այդ՝ ուռճացված ակնկալիքներն ու չհիմնավորված վերագրումները հիասթափությունից զատ այլ արդյունքի չեն կարող հանգեցնել, իսկ հիասթափությունն այդ կարեւոր քաղաքական կապիտալ է դրսի այլ ուժերի համար։
Ի՞նչ քաղաքական օրակարգով ենք հարաբերվելու ԵՄ-ի հետ, եթե Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը մեկ քայլ էլ առաջ գնան դեպի անդամություն ու կորցնեն հետաքրքրությունը Արեւելյան գործընկերության ծրագրի հանդեպ։ Ինչպիսի՞ ազդեցություն կկրենք, եթե այդ երկրները մերժում ստանան ԵՄ-ից։ Ինչպե՞ս ենք կարողանալու կառուցել ժողովրդավարական ու իրավական պետություն՝ առանց անտեսելու անվտանգության լուրջ ռիսկերը։ Արդյոք իրակա՞ն են կարծիքներն այն մասին, որ անվտանգությունը հնարավոր է ապահովել առանց ժողովրդավարական գործիքակազմեր ներդնելու։ Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման եվրոպական հարթակը։ Ինչպե՞ս խուսափել ներկա գլոբալ առճակատման մարտահրավերից ու հնարավորինս հավասարակշռված քաղաքականություն վարել։ Սրանք են այն հարցերը, որ կարիք ունեն ներհայաստանյան հասարակական-քաղաքական քննարկումների, այնինչ մենք, երեւակայական եվրոպաների ուրվականների հետ կռիվ տալով, քննարկում ենք, թե «գնո՞ւմ ենք ԵՄ՝ որպես դեպի դրախտ այսաշխարհային, թե՞ Եվրոպան պիղծ է ու խաբեբա»։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։