Հուլիսի 11-ին Փարիզի իր բնակարանում 94 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Կաֆկայի եւ Հավելի հետ արտասահմանում ամենահայտնի չեխերից մեկը»՝ չեխ գրող Միլան Կունդերան։ Դա հաստատել է Միլան Կունդերայի գրադարանի մամուլի քարտուղար Աննա Մրազովան: «Կեցության անտանելի թեթեւությունը», «Անմահություն», «Ծիծաղի եւ մոռացության գիրք» եւ շատ այլ ստեղծագործությունների հեղինակ Միլան Կունդերան ծնվել է 1929-ի ապրիլի 1-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Գրականություն եւ գեղագիտություն է սովորել Չարլզի համալսարանի արվեստների ֆակուլտետում, իսկ ավելի ուշ սովորել է Կինոյի ակադեմիայում, որտեղ մասնակցել է ռեժիսուրայի եւ սցենարիստական դասախոսությունների։ 1948-ին նա անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը, իսկ երկու տարի անց հեռացվել նրանից «հակակուսակցական գործունեության համար»։
Միլան Կունդերայի առաջին գիրքը՝ «Մարդը մի ընդարձակ այգի է» քնարական բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 1953-ին։ Այս շրջանում սկսել է գրել նաեւ պիեսներ եւ պատմվածքներ։ Նրա առաջին՝ «Կատակ» վեպը լույս է տեսել 1967-ին։ Նույն թվականին Չեխոսլովակիայի գրողների միության համագումարում հանդես է եկել «Չեխ ազգի գոյության ոչ ակներեւության մասին» սադրիչ ելույթով։ Հաջորդ՝ 1968-ի գարնանը Խորհրդային Միությունը Կունդերային անվանեց Չեխոսլովակիայում սոցիալիզմի վերջը ձգտող խմբի անդամ: 1968-ի օգոստոսին Չեխոսլովակիայի խորհրդային բռնազավթումից հետո Կունդերայի աշխատանքները հանվել են երկրի բոլոր գրադարաններից՝ «Պրահայի գարնանը» մասնակցելու համար։ Ուստի 1975-ին նա ընդունել է Ռենի համալսարանի առաջարկը՝ դառնալու հրավիրյալ պրոֆեսոր, եւ հաստատվել Ֆրանսիայում, ինչի պատճառով զրկվել է այն ժամանակվա Չեխոսլովակիայի քաղաքացիությունից։
2019-ին գրողը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի առաջարկով վերականգնել էր Չեխիայի քաղաքացիությունը։ Կունդերայի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են ինքնության ճգնաժամը, միջանձնային շփման մեջ թյուրիմացությունները եւ սեփական ու ընդհանուր անցյալի նկատմամբ մոտեցումների անհամապատասխանությունը։ Կունդերան իր վերջին «Անհայտ» վեպը գրել է իսպաներենով եւ հրատարակել 2000-ին։ Նա պատմում է արտագաղթի ու միայնության, հիշողության ու մոռացության, կարոտի ու անտարբերության մասին։ Միլան Կունդերան հազվադեպ էր հարցազրույցներ տալիս՝ համարելով, որ գրողները պետք է խոսեն իրենց ստեղծագործության միջոցով։