Ըստ ԵՄ տարածած հաղորդագրության՝ Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի գործողությունները` որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպություն: Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն ապահովում է էական մարդասիրական աջակցություն եւ պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության եւ անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների եւ մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը ԿԽՄԿ-ին հնարավորություն կընձեռի՝ շարունակել իր գործունեությունը եւ կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում եւ վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ: