ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Լաչինի միջանցքով առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտության մասին:
Բլինքենը նաեւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը` կարեւորելով քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության եւ փոխզիջման անհրաժեշտությունը:
Ըստ պայմանավորվածության՝ ՌԴ-ն 2025-ին լքելու է Լեռնային Ղարաբաղը. Էրդողան
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչեւ 2025 թվականը, դրանից հետո նրանք կլքեն տեղակայման վայրերը: «Վստահ եմ, որ Ռուսաստանը կկատարի պայմանավորվածությունների բոլոր պայմանները։ Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետեւում է այդ թեմային»,- ասել է Էրդողանը։