Կառավարության հուլիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023-ի սեպտեմբերի 17-ին։ Ընտրությունների օրը հաստատվել է ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 127-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ ասվում է. «Երեւանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ»:
Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին, հետեւաբար լիազորությունների ժամկետը լրանում է 2023-ի հոկտեմբերի 10-ին: Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ թեկնածուների առաջադրումները տեղի են ունենալու օգոստոսի 3-13-ի միջակայքում, իսկ քարոզարշավը, ենթադրաբար, սկսվելու է օգոստոսի 23-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը ներառյալ։ Ավագանու այս ընտրությունները, ի տարբերություն նախկինում անցկացվող կայուն մեծամասնության ընտրակարգի, անցկացվելու է 100% համամասնական ընտրակարգով։
1879 թվականից առ այսօր Երեւանն ունեցել է 59 քաղաքապետ։ Անկախության հաստատումից ի վեր Հայաստանի մայրաքաղաքը գլխավորել են 13 քաղաքապետներ։ Նրանցից երկուսը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամներ էին՝ պատմաբան Համբարձում Գալստյանը եւ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։