Ստեփանակերտում հուլիսի 14-ին մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հայաստանում ապրող հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին: Պաշտպանն ահազանգել է, որ Արցախի՝ 7 ամիս շարունակվող շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, նրանց թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են եւ ընդգծված:
«Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան։ «Մտահոգված ենք», «խիստ մտահոգված ենք», «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում» եւ նմանատիպ այլ հայտարարություններ․․․ բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»,- միջազգային հանրության բոլոր դերակատարներին դիմելով՝ հայտարարել է Պաշտպանը։ Դիմելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Ստեփանյանը ԿԽՄԿ-ից պահանջել է վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ «Դուք դա կարող եք անել։ Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից: Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:
Դիմելով ռուս խաղապահներին՝ Արցախի ՄԻՊ-ը պահանջել է ապահովել արցախցիների անվտանգությունը: «Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամենօրյա տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ։ Խաղաղությունն ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ։ Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների եւ մեզ վրա թափվող անորոշությունները չեն։ Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»,- շեշտել է Ստեփանյանը։