Հայաստանում հրագործական արտադրանքների զանգվածային ներմուծումը, վաճառքն ու հրավառությունները շուտով օրենքի պահանջով կարգելվեն: Օրենքը խախտողների համար մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք է նախատեսվում։ Օրենքով կարգելվի նաեւ 16 տարին չլրացած երեխաներին վաճառել հրագործական արտադրատեսակներ, մասնավորապես՝ փոքրիկ պայթուցիկներ ու հրավառություններ։ Տորթերի վրա, հարսանյաց արարողությունների ժամանակ պտտվող հրավառությունների, փոքրիկ պայթուցիկների ներմուծման եւ պահեստավորման համար կպահանջվի արտոնագրում, կսահմանվեն պահման հատուկ պայմաններ։
Հրավառություններ անելու իրավունք կունենան կազմակերպել միայն պետական կառույցները՝ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարքային քաղաքացիներն ընտանեկան հավաքույթների կամ առիթների ժամանակ այլեւս չեն կարողանալու հրավառություններ անել։