Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» եւ «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ եթե Ադրբեջանը կրկին կրակահերթ արձակի անզեն բանվորերի ուղղությամբ, դա կդիտարկվի ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի գործողությունները ոչ թե բնապահպանական շարժառիթ ունեն, այլ զուտ քաղաքական որոշում են։ Ամերիկյան երկու ընկերությունները խոստանում են, որ միջազգային իրավական հարթակներում առանց որեւէ միջոց խնայելու դիմելու են գործողությունների եւ պահանջելու են կատարված ներդրումների, կրած վնասների եւ չստացված օգուտների հատուցում: Նշվում է, որ կրած վնասներն արձանագրել են 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներր:
Թափոններ կամ վնասակար արտանետումներ դեպի մթնոլորտ չկան
«Վիրտուալ ֆոնդինգ» եւ «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերությունները կեղծ են որակել այն պնդումները, թե Երասխում կառուցվող գործարանն Ադրբեջանի համար էկոլոգիական խնդիր է ստեղծելու: Պարզաբանել են, որ գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները ձուլելու արդյունքում վերածվում են ամրանների: Այս պարագայում չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նշվում է, որ նման գործարան ներկայում աշխատում է նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավելի երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել Երասխի գործարանում, եւ գտնվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա։
Ամենամոտ ադրբեջանական գյուղը 1,8 կմ հեռավորության վրա է
Ամերիկյան երկու ընկերությունները նշել են նաեւ, որ Երասխ համայնքի բնակելի տները գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա են, մինչդեռ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1,8 կմ հեռավորության վրա է: Հետեւաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի կարող լինել: Նշվում է նաեւ, որ գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է եւ երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն եւ եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն։ Վերոհիշյալ պնդումներն ապացուցելու համար ընկերությունները պատրաստ են աշխատանքային կարգով քննարկելու միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռավար ձեւաչափերով: