Ախուրյան խոշորացված համայնքում գրեթե երկու տարի տեւած իշխանափոխության գործընթացը հանգուցալուծվեց. համայնքի 30 տարվա ղեկավար, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը տեղեկացրեց, որ առողջության խնդիրների պատճառով դիմում-հրաժարական է ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:
Որ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը առողջության խնդիրներն են, գրեթե ոչ ոք չհավատաց: ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ գրառման տակ անմիջապես առողջություն մաղթեց Ախուրյան համայնքի արդեն նախկին ղեկավարին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերից, ինչ համայնքի իշխանության ղեկը անցել էր Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» կուսակցությունների միավորման արդյունքում, քաղաքական կրքերը չէին հանդարտվում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն Ախուրյանում իշխանությունը զիջել էր միայն մեկ ավագանու մանդատով, չէր էլ թաքցնում, որ իրենց դուր չի գալիս համայնքի կառավարումն, ու ամեն ինչ անելու են իշխանությունը վերցնելու համար:
Այստեղ ավագանու նիստերը գրեթե մշտապես անցնում էին ՔՊ-Դաշնակցություն լուրջ տարաձայնություններով, երբեմն էլ՝ նիստերի տապալումներով:
Օրերս վերջին մեկուկես տարվա ամենաքննարկվող իշխանափոխության արշավը կրկին ակտիվացել էր այն բանից հետո, երբ գործող համայնքապետին սեփական թիմի ավագանու ինը գործող անդամներ որոշել էին անվստահություն հայտնել։ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, համայնքի ղեկավարին մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չունենեին եւ այդ պատճառով համայնքապետն ապահովագրված էր:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանի թեկնածությունն էր առաջադրել:
Գործընթացին հաջորդեցին «Ախուրյան» դաշինքից ավագանու անդամների դուրս գալու եւ որպես ավագանու անկախ անդամ գործելու դիմումների ներկայացումները: Ստացվեց՝ ՔՊ-ն, որ մինչ այժմ ավագանու մանդատներով փոքրամասնություն էր, դարձավ մեծամասնություն:
Մինչ ավագանու նիստում արդեն հստակ ու վերջնական անվստահություն կհայտնվեր համայնքի ղեկավարին, Իգիթյանն ինքը հրաժարվեց պաշտոնից:
Թե ինչ նոր զարգացումներ կունենա Ախուրյան համայնքի կառավարման գործընթացը, կնշանակվե՞ն նոր ՏԻՄ ընտրություններ, թե՞ ավագանու անդամներն իրենց թեկնածուներից կընտրեն նոր ղեկավար, հայտնի կդառնա շուտով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։