Ըստ Deutsche Welle-ի՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը YouTube-յան հայտնի հաղորդավար Յուլիա Լատինինային տված հարցազրույցում Կիեւի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը «շատ լավ գործարք» է անվանել։ Նա նշել է, որ ըստ այդ տարբերակի՝ պատերազմը դադարեցվում է, ու թեեւ ՌԴ-ի բռնազավթած տարածքների մի մասը դեռեւս մնում է Ուկրաինայի կառավարության վերահսկողությունից դուրս, այդուհանդերձ Ուկրաինայի տարածքի մեծ մասը՝ շուրջ 80%-ը, միանում է ՆԱՏՕ-ին: Ըստ նրա՝ շատերը սա գերպատմական պատեհություն կորակեն:
Միաժամանակ հիշեցնելով վերլուծաբաններից ոմանց տեսակետները` նա շեշտել է, որ ոչ մեկն Ուկրաինային չի կարող ստիպել հրաժարվել Ղրիմի եւ այլ գրավյալ տարածքների ազատագրումից: «Պարզապես առաջարկում են դա անել ոչ ռազմական ճանապարհով՝ հեռանկարի բացակայության պայմաններում։ Կամ մնում է դա անել ռազմական ճանապարհով, բայց 200 հազար արական սեռի բնակչության, գենոֆոնդի ոչնչացման, տնտեսության եւ մնացած ամեն ինչի վերջնական քայքայման գնով»,- նշել է Ալեքսեյ Արեստովիչը։
Ըստ Արեստովիչի՝ առաջին սցենարը հիշեցնում է Արեւմտյան Գերմանիա-Արեւելյան Գերմանիա տարբերակը, երբ Գերմանիայի (Ուկրաինայի) արեւմտյան հատվածը միանում է ՆԱՏՕ-ին, Արեւելյան Գերմանիան (Ուկրաինան) ճանաչվում է որպես գերմանական (ուկրաինական) տարածք, որի վրա չեն գործում ՆԱՏՕ-ի երաշխիքները, որը, սակայն, Կիեւն անպայման վերադարձնելու է։ «Սկզբունքորեն սա շատ լավ գործարք է, ինչ-որ չափով բարոյազուրկ է, բայց այնքան էլ վատը չէ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդականը։