Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը հուլիսի 10-17-ը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Մասնավորապես, հուլիսի 11-ին` 13:00-ին, Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը` 10:20-11:00-ն, երբ Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ է կատարելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիգի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի եւ իր ուղղությամբ:
Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բերքահավաք անող քաղաքացիների ուղղությամբ: Հուլիսի 14-ին` 19:20-ին, Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:
Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը` 09:50-ի սահմաններում, երբ Ա. Մ.-ն «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ կատարելիս է եղել, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ: Նշված կրակոցների պատճառով ադրբեջանական թիրախում հայտնված բոլոր հատվածներում գյուղատնտեսական (այգեգործական) աշխատանքները դադարեցվել են: