Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո։ «Առայժմ ուշիուշով հետեւում ենք՝ ինչպես պուտինյան ռեժիմի խորհրդանիշներից մեկը հերթական անգամ չկարողացավ դիմակայել ռազմական ծանրաբեռնվածությանը»,- նշել է Դեխտյարենկոն։ Նա հավելել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Ցանկացած անօրինական կառույց, որն օգտագործվում է Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու համար, երկար կյանք չի ունենա»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Պոդոլյակը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտարարել էր, որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումներն ընդունում են ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունների եւ քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։ Ավելի վաղ ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր, որ հուլիսի 17-ի գիշերըէ 03։05-ին, Ղրիմի կամրջի վրա հարձակում է կատարվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետեւանքով զոհվել են 1 տղամարդ եւ 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։