Արցախի ՆԳՆ-ից հերքել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի` Ակնայից (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Կարմիր խաչի աշխատակիցներն իբր հումանիտար օգնություն են տեղափոխում։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
Նախարարությունը միաժամանակ կոչ է անում տուրք չտալու չճշտված տեղեկություններին եւ զերծ մնալու պառակտողական ու զրպարտիչ գործողություններից։ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են անում` մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի եւ հարակից բնակավայրերի անցուդարձը։