ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ 00:40-01:40-ն, իբր կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ֊ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանը նախօրեին էլ հայտարարել էր, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն իբր կրակ են բացել նույն հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հերքել էր նաեւ այդ հաղորդագրությունը։
ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանում ամրաշինական աշխատանքներ չեն արել
Արցախի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերը, ըստ որոնց` Արցախի ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18-ին` 21։15-ի սահմաններում, իբր փորձել են Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ կատարել, եւ որոնք, իբր, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով:
Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել: