Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրենց մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետեւանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։ Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի։ Ըստ Ավստրիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Ավստրիայի եւ Հայաստանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Հիշատակելով վերջերս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։
Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։ Նշվել է նաեւ, որ չնայած Ուկրաինայի իրադարձությունների վրա արդարացի ուշադրությանը՝ չպետք է անտեսվեն մնացած թեժ կետերը։ Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Շալենբերգը նշել է, որ Վիեննան հասանելի է որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների վայր՝ հիշեցնելով, որ Վիեննան դա նախկինում ապացուցել է՝ հանդես գալով որպես երկխոսության եւ դիվանագիտության կենտրոն։