ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը որեւէ քարտեզի մասով որոշում չեն ընդունել:
Հուլիսի 12-ին ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի էր ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը։ Հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը անցկացվել էր 2022–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։ Երկրորդ հանդիպումն անցկացվել էր Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։