The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ավելի քան 8 հազար ամերիկացի գրողներ դիմել են Microsoft, Meta եւ Alphabet տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին` խնդրելով առանց թույլտվության կամ փոխհատուցման չօգտագործել իրենց աշխատանքը արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար: Նամակը հրապարակել է Գրողների գիլդիան՝ գրողների մասնագիտական կազմակերպությունը: Կոչը ստորագրել են հայտնի գրողներ, նրանց թվում՝ Ջեյմս Փաթերսոնը, Մարգարեթ Էթվուդը եւ Ջոնաթան Ֆրենզենը։ Գրողները պնդում են, որ արհեստական բանականության համակարգերը «ընդօրինակում եւ կրկնում են իրենց լեզուն, պատմությունը, ոճը եւ գաղափարները»։
«Հեղինակային իրավունքով պաշտպանված միլիոնավոր գրքեր, հոդվածներ, էսսեներ եւ բանաստեղծություններ սնունդ են տալիս արհեստական բանականության համակարգերին, անվերջանալի «խորտիկներ» ապահովում, որոնց դիմաց ոչինչ չեն վճարում: Դուք միլիարդավոր դոլարներ եք ծախսում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա: Արդարացի կլիներ, եթե մեզ փոխհատուցեիք մեր ստեղծագործությունների օգտագործման համար, առանց որոնց արհեստական բանականության արգասիքը տափակ եւ խիստ սահմանափակ կլիներ»,- ասված է նամակում։ Հեղինակների գիլդիայի նամակում ասվում է, որ շատ գրքեր, որոնք օգտագործվում են արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար, քաղված են «տխրահռչակ ծովահենական կայքերից»:
Հեղինակների գիլդիան հայտարարել է, որ գրողների եկամուտները վերջին տասնամյակում նվազել են 40%-ով: Նամակում ասվում է, որ արհեստական բանականությունն էլ ավելի է սպառնում գրողի մասնագիտությանը` շուկան հագեցնելով բովանդակությամբ: «Արհեստական բանականության արդյունքը միշտ ածանցյալ կլինի: Մեր աշխատանքը չի կարող օգտագործվել առանց մեր համաձայնության, առանց վարկի եւ փոխհատուցման: Երեք դրույթն էլ պարտադիր են»,- շեշտել է Հեղինակների գիլդիայի նախագահ Մայա Շանբհագ Լանգը:
OpenAI-ից պատասխանել են, որ ChatGPT-ն սովորում է «արտոնագրված եւ հանրամատչելի բովանդակությունից», ինչպես նաեւ արհեստական բանականության դասընթացավարների եւ օգտատերերի ստեղծածից: Ընկերությունում հավելել են, որ հարգում են ստեղծագործողների եւ հեղինակների իրավունքները։ Meta-ն հրաժարվել է Հեղինակների գիլդիայի նամակը մեկնաբանելուց։