Հայաստանի մի խումբ հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ:
Հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ ԵԽ նախագահը նույնացնում է Լաչինի միջանցքը եւ Աղդամը՝ որպես ներկա հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ՝ անտեսելով փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից ԼՂ շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի եւ թերսնման ենթարկելը։ «Այլընտրանքային» ուղիների, մասնավորապես Աղդամի շուրջ քննարկան վերաբերյալ նշվում է, որ դա հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից եւ էթնիկ զտումների քաղաքականությունից:
ՀԿ-ները զգուշացրել են, որ «եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին եւ էթնիկ զտումների հստակ մտադրություններին, այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը եւ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը եւ կվարկաբեկի բոլոր գործող եւ ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները»:
Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաեւ անզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ ՀԿ-ների հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը, կարծես թե, ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում: Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը հորդորում են առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների եւ այլ կալանավորված անձանց անհապաղ եւ անվերապահ ազատմանը: