Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Իվան Սաֆրանչուկը Մեդիամաքսին տված հարցազրույցում ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանը չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնելու պատճառով հայտնվել է անդունդի եզրին: Սաֆրանչուկը շեշտել է, որ օբյեկտիվ իրողություններով եւ պատմական հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանին շատ խիստ «աշխարհաքաղաքական դիետա» է ցուցված։ «Իսկ Փաշինյանը, ցավոք, լրջորեն խախտել է այդ դիետան։ Նոր հնարավորություններ ուսումնասիրելու փորձը՝ Ամերիկա, Ֆրանսիա, իրեն չարդարացրեց։ Վերլուծական մակարդակում շատերը նախկինում էլ էին ասում, որ դա անհնար է։ Քաղաքական ինտուիցիայի մակարդակում հայ քաղաքական գործիչների նախորդ սերունդը նույնպես համարում էր, որ դիետան չի կարելի խախտել։ Բայց ահա հայտնվեց մի մարդ, ով ռիսկի դիմեց եւ, իմ տեսանկյունից, շատ բան վտանգեց»,- նշել է նա։
Հարցին՝ որքան երկար կարող են գոյակցել մի կողմից ռուսաստանյան, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ երկու գործընթացները բանակցությունների ձեւաչափերում, փորձագետը նշել է, որ միջազգային ձեւաչափերի ընտրությունից ավելի կարեւոր է ներհայկական համաձայնության հարցը։ Ըստ նրա՝ Հայաստանին Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կողմից համարժեք աջակցություն չցուցաբերելու պատճառաբանությամբ ռուսական պլանը չընդունելու՝ Փաշինյանի ու նրա համախոհների հիմավորումները սոսկ սեփական ձախողումները կոծկելու, դրանք Ռուսաստանին վերագրելու, ՌԴ թիկունքում թաքնվելու փորձեր են եւ բավականին ցինիկ ու անազնիվ քայլ Ռուսաստանի նկատմամբ։
Ըստ Սաֆրանչուկի՝ այսօրվա իրավիճակի պատճառները պատերազմին հանգեցրած քայլերն են. «Հինգ տարի առաջ մենք քննարկում էինք ռուսական պլանը, ըստ որի՝ առաջարկվում էր 5 շրջան փոխանցել եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդներին։ Այսօր Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում է եւ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստան ինչ-որ բան չի արել։ Ընդհակառակը, այն ժամանակ ռուսական կարգավորման պլանին վերաբերվեցին առանց պատշաճ հարգանքի եւ ուշադրության։ Իսկ Փաշինյանը լիովին հրաժարվեց դրանից»:
Իվան Սաֆրանչուկի խորին համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե հետպատերազմական երեք տարիների լույսի ներքո, այլ վեց-յոթ տարվա կտրվածքով: «Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ Արդյունքում երկար ու շատ բարդ ճգնաժամ է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կգերադասեր, որ լուծումը լիներ ոչ թե մի կողմի շահերի հաշվին, այլ ավելի փոխզիջումային։ Բայց այս վեց-յոթ տարում այդ տարբերակը կորսվեց, այն այլեւս չկա»,- ընգծել է փորձագետը։