Հասանք մի սահմանագծի, երբ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ։ Երկու տարի խուսանավեց, անիմաստ հույսեր փայփայեց, թե Պուտինը կօգնի, Մակրոնը կօգնի, Աստված կօգնի, ու կազատվի նման հայտարարության պարտադրանքից, բայց վերջում, երբ ճնշումները մեծացան, ու ակնկալած օգնությունն էլ չեղավ, հայտարարեց։ Ճիշտ է՝ հայտարարում է ոչ այնքան պաթետիկ, ոչ այնքան հերոսական, որքան «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելիս էր, բայց, այնուամենայնիվ, հայտարարում է։
Հայտարարությանն ի պատասխան միջազգային հարթակներից խրախուսական խոսքեր են հնչում, թե՝ քաջ քայլ է։ Իրականում, քաջության նշույլ անգամ չկա։ Բոլորը գիտեն, ինքը գիտի, նույն այդ միջազգային հարթակներում գիտեն՝ սա պարտվածի քայլ է ու պարտադրված քայլ է։
Մեր սխալները մեզ պարտություն բերեցին։ Միջազգային հարթակներում որոշել են՝ մեր այս պարտությունն էլ հենց պետք է հայ-ադրբեջանական հակամարտության վերջակետը լինի։ Ջանքեր չեն խնայում, պարտադրում ու, երբ պետք է, խրախուսում են։ Այս տարածաշրջանում նրանց խաղաղություն է հարկավոր։ Թե այդ ճանապարհին կողմերից որն ինչ կկորցնի ու ինչ կշահի, չեն կարեւորում։
Փաշինյանը պարզ ու շիտակ բացատրելու փոխարեն, որ պարտությունն իր պայմաններն է թելադրում, խորամանկում է: Պատմության խեղաթյուրմամբ արդարանալ է փորձում։ Իբր, նորություն չի ասում, իրենից առաջ եղած բոլոր բանակցություններն էլ, իբր, Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին են եղել։
Պատմությունը շատերին է խանգարում։ Շատերն են այն խեղաթյուրում։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, պնդում է, թե Արցախը բանակցությունների սեղանից ինքը չի դուրս թողել։ Թե Արցախն իրենից առաջ արդեն բանակցող կողմ չի եղել։ Նա էլ իր հերթին է խորամանկում։ Կրկին, իհարկե, արդարանալու նպատակով։ Չի ցանկանում հիշել, թե ինչպես էր 2003-ին Հ1-ի եթերից, ի պատասխան Արցախը բանակցություններից դուրս թողնելու մեղադրանքների, ասում, թե դա ճիշտ որոշում է եղել։ Պարզաբանում էր, որ այդ քայլով հասել է նրան, որ չկա այլեւս առանձին Արցախ, եւ չկա առանձին Հայաստան, «երկու հայկական միավորներին ներկայացրեցինք բանակցային գործընթացում», ու այժմ կա միասնական հայ ժողովուրդ, ու աշխարհն ու Ադրբեջանը «գործ ունեն արդեն ոչ թե չճանաչված պետության եւ տատանվող Հայաստանի հետ, այլ միավորված հայ ժողովրդի՝ Հայաստանի, Ղարաբաղի և սփյուռքի միասնական մոտեցման հետ»։
Ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ օրվա իշխանավորները, պատմության խեղաթյուրմամբ սեփական արդարացման անհաջող փորձեր ձեռնարկելիս հաշվի չեն առնում, որ իրենց լսում են նաեւ վերջին 30 տարիների զարգացումների ակտիվ մասնակիցները եւ ուշադիր ականատեսները, որոնք ամենայն մանրամասնությամբ գիտեն, թե ինչն ինչպես է եղել, եւ ով ինչ դերակատարում է ունեցել։ Էլ չասած, որ տեղեկատվական հոսքերի բազմազանության պարագայում, որպիսիք կան այսօր, քիչ թե շատ վերլուծել կարողացող ցանկացածին է պարզ, թե ինչ է կատարվել երեկ, ու ինչն ինչ նպատակով է ասվում այսօր։
Պարզ է, օրինակ, որ Փաշինյանն «Արցախն Ադրբեջան է եւ վերջ» ասելուց առաջ բանակցային պատմության էությունը խեղաթյուրելով փորձում է հավատացնել, թե ինքը մեղավոր չէ, թե ինքն ընդամենը վատ ժառանգության գերին է ու հարկադրված է ոչ թե իր սեփական քայլերի ու իր վճիռների, այլ 30-ամյա պատմության թելադրանքով։
Պարզ է նաեւ, որ գալիք տարածքային կորուստներն արդարացնելու նպատակով է ասում, թե «Հայաստանը կադաստրի թուղթ չունի»։ Որ վաղը, երբ կորուստն արդեն արձանագրված լինի, ասի՝ «կադաստրի թուղթը չկար, ես ի՞նչ անեի»։ Ընդունում է նախապես, որ մեր հարեւանը մեզնից կարող է կտոր պահանջել ու ստանալ կամ կտոր խլել ու իրենը հայտարարել, իսկ մենք հակադարձել չենք կարող, որովհետեւ իր աշխատասենյակի պահարանում չկա թուղթ, որի վրա գրված կլինի՝ «Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթ»։ Հոգ չէ, որ Ադրբեջանի նախագահի պահարանում նման թուղթ նույնպես չկա։ Նման թուղթ չունեցող Ադրբեջանից այս կարգի հայտարարություններ չեն հնչում։
«Արցախն Ադրբեջան է եւ վերջ» հայտարարությունից հետո, ինչը նշանակում է, որ Արցախն առանց որեւէ կարգավիճակի ու պաշտպանական մեխանիզմների Ադրբեջանի կազմում է, պետք է հնչեր «Հայաստանը կադաստրի թուղթ չունի» հայտարարությունը։ Սրանք իրար շարունակող հայտարարություններ են ու նահանջի պատրաստ լինելու վկայություններ։
Եթե ժամանակը զուր ես վատնել, ծանրակշիռ աջակիցներ ձեռք բերել չես կարողացել, չունես հստակ նպատակ ու քայլերի մշակված հերթականություն, եթե չունես ճշմարտություն, որի վրա կկանգնես ու քոնը կպնդես, չունես հակադարձելու ու դիմադրելու ռեսուրս, ապա ընդունում ես այն, ինչ թելադրում են։ Այս պարագայում նահանջը կարող է եւ սահմաններ չունենալ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։