«Հետք» կայքը հրապարակել է «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» հետաքննական հոդվածը, որտեղ լրագրողական բարեխղճությամբ ներկայացված են Ծաղկաձորում կառուցվող, 40-50 միլիոն դոլար արժողությամբ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությանն առնչվող փաստեր։ Ըստ այդ հոդվածի՝ համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։
Չեմ անդրադառնա այդ հոդվածում բերված բազմաթիվ փաստերին, դրանցով թող համապատասխան մարմինները զբաղվեն։ Ինձ առավել հետաքրքրում է ԱԺ նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող անձի արձագանքը։ Մարդն արդեն քանի տարի քաղաքականության մեջ է, բայց այդպես էլ չի սովորել պատասխանի կուլտուրային։
Նախ՝ «Հետքը», պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, մինչ հրապարակումը պարզաբանման համար դիմել է նաեւ Աժ նախագահին՝ գրելով. «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, կառավարությանը ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի եւ ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»։
Սիմոնյանի պատասխանը փոխանցել է նրա մամուլի քարտուղարը. «Ի պատասխան Ձեր հարցի, նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերոգրյալից տեղյակ չէ, որեւէ մասնակցություն չունի, որեւէ ձեւով տվյալ հարցին առնչություն չունի։ Բամբասանքներ, զրպարտություններ, հերյուրանքներ չենք մեկնաբանում եւ խնդրում ենք զերծ մնալ Ալեն Սիմոնյանի անունը հրապարակումների դիտողականությունը բարձրացնելու կամ սեփական աշխատանքն արդարացնելու անհաջող շահարկման փորձերից։ Նման փորձերն ունենալու են իրավական հետեւանքներ. մենք հետամուտ ենք նման դեպքերի հանդեպ»։
Այստեղ պարզաբանումը, ըստ էության, միայն առաջին նախադասությունն է։ Նորմալ գործիչը դրանով էլ կավարտեր։ Սակայն ոչ Ալեն Սիմոնյանը։ Այս գրության մեջ շարունակությունը սպառնալիք է, բայց այդպես էլ չի ասվում, թե որ մասն է բամբասանք, հերյուրանք, զրպարտություն։
Չի ասում, որովհետեւ չի կարող հիմնավորված փաստերի դեմ բան ասել։ Իսկ փաստերի հիման վրա լրագրողը կարող է եւ իրավունք ունի անելու ցանկացած եզրահանգում։ Հատուկ Ալեն Սիմոնյանի համար շեշտեմ, որ դա կոչվում է գնահատող դատողություն։
Բայց դե Ալեն Սիմոնյանը ինքը չէր լինի, եթե չարձագանքեր նաեւ արդեն հրապարակված հոդվածին։ Ընդ որում՝ արձագանքել է ոչ թե պատասխան կամ հերքում ուղարկելով «Հետքին», այլ իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. « …Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է եւ իմ վաղեմի ընկերը»:
Բա սրանից էլ լավ փա՞ստ։ Բա որ այդ փաստը կապում ես խախտումներով իրականացվող շինարարության մասին հոդվածում բերված բազմաթիվ այլ փաստերի հետ, չի՞ ստացվում, որ այստեղ, ենթադրաբար, կարող է կոռուպցիոն դրսեւորում լինել։
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հաստատ գիտի, որ կարող էր օգտվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Հերքման եւ պատասխանի իրավունք» հոդվածի ընձեռած հնարավորություններից եւ «Հետքին» պատասխան ուղարկել։ Բայց չի օգտվել դրանից, որովհետեւ օրենքի հիշյալ հոդվածը պահանջում է. «Պատասխանը … պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»:
Այսինքն՝ օրենքը թույլ չի տալիս պատասխանում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան արձագանքում գրել. «Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում»։
Եվ քանի որ Սիմոնյանը չի կարող հերքել եւ չի էլ հերքում իրեն առնչվող փաստը՝ քավորական եւ ընկերական հարաբերությունները Էդգար Ավագյանի հետ, դրա համար էլ պատասխան կամ հերքում չի ուղարկում, այլ հանդես է գալիս ֆեյսբուքյան իր կարծիքով հերքող, իմ կարծիքով մանկամիտ գրառմամբ` լրատվամիջոցին մեղադրելով մանիպուլյացիայի համար։
Փաստը՝ քավորական եւ ընկերական կապը, չի ժխտվում, կառուցապատմանն առնչվող բազմաթիվ այլ բացասական փաստերը չեն հերքվում։ Իսկ այդ փաստերի հիման վրա «Հետքի» լրագրողը կամ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է անել հնարավոր կոռուպցիայի մասին իր եզրակացությունը կամ գնահատող դատողությունը։ Եվ այն հրապարակել։
Այս իրավունքից մեզ ոչ ոք չի կարող զրկել։ Անգամ Ալեն Սիմոնյանը, որը սովոր է ԱԺ դահլիճում անջատել խոսափողը կամ անվտանգության ուժեր հրավիրելով դուրս անել պատգամավորին, եթե նրա ասածը իրեն դուր չի գալիս։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։