Արցախի Ազգային ժողովը Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչով դիմել է ՀՀ–ին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների, Ստեփանակերտը կոչ է անում, հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին եւ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով, ընդունելու իմպերատիվ բնույթի որոշում (բանաձեւ)՝ ձեռնարկելով եւ սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:
Ընդգծվում է, որ ՄԱԿ–ից ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը: