Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ Ռուսաստանում զորակոչային տարիքը այսուհետեւ կլինի 18-30 տարեկանը։ Հիմնական փոփոխությունն այն է, որ զորակոչային տարիքի վերին շեմը դառնում է 30 տարեկան։ Նախկինում նախատեսվում էր զորակոչային տարիքի ստորին շեմը 18-ից հասցնել 21-ի, համապատասխանաբար վերին շեմը 27 տարեկանից հասցնել 30-ի։ Նոր նորմերն ուժի մեջ կմտնեն 2024-ի գարնանային զորակոչից, դրանք չեն ազդի 2023-ի աշնանային զորակոչի վրա։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռ 2022-ի վերջին առաջարկել էր զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զորակոչային տարիքը 18-27-ից փոխել, որից հետո ՌԴ քաղաքացիները բանակ կզորակոչվեին 21-30 տարեկանում: Ենթադրվում էր, որ զինվորական տարիքի սահմանները կփոխվեն փուլ առ փուլ։
Զորակոչի տարիքը մինչեւ 30-ը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը Պետդուման առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացրել հունիսի կեսին։ Ըստ օրինագծի՝ նախատեսվում էր զորակոչի ստորին տարիքային շեմը բարձրացնել աստիճանաբար՝ 2024-ին ՌԴ քաղաքացիներին զորակոչելով արդեն 19 տարեկանից, 2025-ին՝ 20 տարեկանից, իսկ 2026-ին՝ 21 տարեկանից։ Միաժամանակ ընդգծվել էր, որ բանակում ծառայել ցանկացող քաղաքացիներն ամեն դեպքում հնարավորություն կունենան զինծառայության անցնելու 18 տարեկանից։