Թուրքիայի կառավարությունը մտադիր է ներգաղթային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնել։ Անկարան կդժվարացնի օտարերկրացիների համար Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելը՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի կապակցությամբ։ Ուսումնասիրություններ են կատարվում ապաստան հայցողներին, հատկապես սիրիացիներին, Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելը դժվարացնելու համար։ Այսինքն՝ Թուրքիան այսուհետեւ ավելի զգույշ է լինելու ապաստան հայցողներին քաղաքացիություն տալու հարցում։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ապաստանի հայցումը մուտքի արտոնագրի առումով ամենակարեւոր խնդիրներից է։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունն ավելի վաղ հայտնել էր երկրում բնակվող մոտ 5 միլիոն նեգաղթյալների մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 1169 բնակավայրերում օտարերկրացիների գրանցումն արգելված է։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով փոփոխություններ կզգան անօրինական միգրանտների դեմ պայքարի արդյունքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե եվրոպացիներին կոչ է անելու Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ընձեռելու Թուրքիային, Անկարան էլ Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն կընձեռի: Եվրամիության անդամակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանը նշել էր, որ այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց. կան որոշակի քայլեր, որոնք պետք է կատարի թեկնածու երկիրը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին նշել էր, որ սատարելով հանդերձ Անկարայի եվրոպական ձգտումներին՝ միաժամանակ համարում է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցման հետ կապելու հարց երբեք չի եղել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում՝ Անկարային խորհուրդ տալով հանել վարդագույն ակնոցը։