Անցյալ տարվա փետրվարին Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների, ինչպես այդ օրերին Ստեփանակերտում էին ասում, «համախոհ նախաձեռնությամբ» օրակարգ բերվեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ» (Իրականում այն հեղինակվել էր Երեւանում եւ ուղարկվել՝ մինչեւ փետրվարի 20-ը վերջնական ընդունման պահանջով)։ Խնդրանքս, դիմումներս իշխանությանը, խորհրդարանական որոշ կուսակցությունների ապարդյուն անցան։ Ինձ ասացին, որ «տղայական քֆուր է դրված», ով դեմ լինի, տասը միլիոն հայության կողմից կարժանանա, ներողություն եմ խնդրում, G7 «կոչման»։
Օրենքն ընդունվեց, ծափահարվեց նաեւ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության եւ Սփյուռքի ազգային կառույցների կողմից։ Եվ ինձ այլ բան չէր մնում, քան Ֆեյսբուքում արցախցի խորհրդարանականների հասցեին գրել․ «Ձյուն գա բաց քամակներիդ»։ «Ձյունը» եկավ ժողովրդի գլխին․ մարտի 7-ին Հայաստան-Արցախ գազատարը պայթեցվեց, իսկ ուղիղ երկու շաբաթ անց՝ մարտի 24-ին, դատարկվեց Փառուխը, ադրբեջանական զինուժը դիրքավորվեց Քարագլխի բարձունքի աղդամահայաց հատվածում։ Մյուս մասը չորս զոհի արյան գնով պահվեց։
Ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի անդամներից մեկն ինձ կոնֆիդենցիալ կարգով զգուշացրեց, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական վիլայեթի ղեկավարի ամենահարմար թեկնածուն Վահրամ Աթանեսյանն է»։ Հարցրի մի քանի հոգու, հաստատեցին։ Բայց եւ խոստացան, որ կխոսեն, Թովմասյանը «ներողություն կխնդրի»։
Սպասեցի մինչեւ օգոստոս՝ ոչ մի զանգ, ոչ թեկուզ միջնորդավորված բացատրություն։ Գրավոր դիմեցի ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով, որ Արթուր Թովմասյանի հայտարարության հիմքով իմ նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ պարզելու, թե արդյոք ադրբեջանական կողմի հետ ունեմ որեւէ շփում։ Դիմումս նաեւ այս հարցադրումն ուներ․ «Եթե Անվտանգության խորհրդի նիստում ԱԺ նախագահը հնչեցնում է ԼՂ ադրբեջանական վիլայեթի «ղեկավարի ամենահարմար թեկնածուի» անուն, ես իրավունք ունե՞մ ենթադրելու, որ հենց այդ հարցն էլ քննարկվել է։ Հակառակ դեպքում Թովմասյանի «կադրային առաջարկը» ոչ մի տրամաբանության չի տրվում»։
Մոտ երկու շաբաթ անց ԱԱԾ-ից ստացա գրավոր պատասխան, որ իմ հասցեին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը հանցակազմ չի պարունակում, քրեական գործի հարուցումը մերժվում է, իսկ պատվի եւ արժանապատվության հայցով կարող եմ դիմել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին։ Փաստարկս, որ ես խնդրել եմ քրեական գործ հարուցել ոչ թե Թովմասյանի, այլ նրա հայտարարության հիմքով իմ դեմ, լսեցին, բայց քաղաքավարի ժպիտներով խորհուրդ տվեցին «չխորանալ»։ Նաեւ ցույց տվեցին Թովմասյանի բացատրությունը, որտեղ նա ասածը չի հերքում, բայց պատճառաբանում է, թե «բաց քամակներիդ ձյուն գա» ասելով՝ «Աթանեսյանը վիրավորել է ԱԺ պատգամավորներին, դրա համար էլ ասել եմ»։
Ինչո՞ւ եւ ո՞ւմ համար եմ հիշում գրեթե մեկ տարվա վաղեմության այս պատմությունը։ Լռել էի՝ կլռեի։ Բայց տեսեք, թե հուլիսի 21-ին Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմնի ամբիոնից ինչ է ասել Արթուր Թովմասյանը․ «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրելու «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»։
Ալիեւն էլ է նույնը ասում՝ Ադրբեջանը պոլիէթնիկ, բազմակոնֆեսիոնալ երկիր է, որտեղ բոլոր ազգերն ու ազգությունները հավասար իրավունքներ ունեն։ Բայց եթե Արթուր Թովմասյանը մեկ տարի անց հանգելու էր նման եզրակացության եւ աշխարհին ու պաշտոնական Բաքվին այդ ուղերձն էր հղելու, ի՞նչ իմաստ ուներ ԼՂ «ադրբեջանական վիլայեթի ղեկավարի պաշտոնը» վերապահել ինձ։
Ի՞նչ իմաստ ուներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը, ԱԺ, խորհրդարանական խմբակցությունների տասնյակ հայտարարությունների ընդունումը եւ վիրտուալ «կարմիր գծերի» սահմանումը, որ մի դեպքում ձեւակերպվում էր «Արցախը չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում», ապա իջեցվում «Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ չի լինելու» աստիճանի, իսկ այսօր արդեն՝ «մեր երեխաների կյանքի ապահովման» խնդրախոսության։
Ամենակարեւորը․ եթե Արցախի խորհրդարանի ղեկավարը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հազարամյա խաղաղ համակեցություն է հայտնաբերել եւ պատրաստակամություն է հայտնում «տանկը փոխարինել տրակտորի, ինքնաձիգը՝ բահի» ու վերադառնալ խաղաղ կյանքի, ընդ որում՝ որեւէ քաղաքական հարց չշոշափելու համաձայնության ենթատեքստով, ապա ի՞նչ իմաստ ունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի համար ՄԱԿ-ում միջազգային մանդատ հայցելու խնդիր դնել Հայաստանի Հանրապետության առջեւ։ Իմա՞ստը։ Որպեսզի ենթադրվող «խաղաղ համակեցությունը» հիմնավորվի Արցախից Նիկոլ Փաշինյանի ձեռքերը լվանալո՞վ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։