Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում բացվել է հիմնանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Խոնարհված եկեղեցու հիմնանորոգումը նախաձեռնել են արմատներով հովունեցի, այժմ Բելգիայում բնակվող 14 բարերարներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին: «Ասել, թե եկեղեցին նորոգվել է, մեղմ կլինի, կարելի է ասել՝ հնի հիմքի վրա է կառուցված»,- ասացին հովունեցիները:
Բացման արարողությանը ներկա բարերարներից մեկը՝ Աղասի Մուրադյանը, նշեց, որ կապը հարազատ գյուղի հետ երբեք չի ընդհատվել: Միշտ հիշել է պապի պատմությունները գյուղի եկեղեցու մասին: «Պապս ասում էր՝ կփլվի, կվերանա, երեք դարերի պատմությունը կոչնչանա»:
Թե որքան գումար են ներդրել եկեղեցու վերանորոգման, տարածքի բարեկարգման եւ լուսավորության ցանցի անցկացման համար, բարերարներն անգամ չեն էլ հաշվել, ասում են՝ կարեւորը պապերի երազանքն են ի կատար ածել:
Նշենք, որ այս կիրակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի վերանորոգումից հետո առաջին Պատարագը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։