Հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի ազգային մամուլի օրը, մի խումբ անկախ լրագրողներ դիմել են Եվրոպայի խորհրդին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը 2022-ի սկզբին «Մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում «վերածվում է մի երկրի, որտեղ խոսքի եւ լրատվամիջոցների ազատության փխրուն մնացորդները սպառնալիքի տակ են»:
Ըստ jam news-ի՝ Էլմադդին Շամիլզադեն, որ Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում հունիսի 20-21-ը տեղի ունեցած բողոքի ցույցերը լուսաբանելու հետեւանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել, հայտարարել է, որ բաժանմունքում իրեն խոշտանգել են։ «Ինձ ասացին, որ տղամարդու խոսք տամ եւ ոչ մեկին չպատմեմ այնտեղ տեղի ունեցածի մասին։ Դուրս գալով շոկից՝ հասկացա, որ նրանց գործողությունները չեն համապատասխանում «տղամարդու խոսք» հասկացությանը, որոշեցի պատմել ամեն ինչ»,- ասել է լրագրողը։