«Ինչքա՞ն մենք կարող ենք «մեսիջներ» հղել հայերին»,- երեկ Շուշիում «անհանգստացել» է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա լրագրողներին ասել է, որ Փառուխի օպերացիան, 2021-ի մայիսյան էսկալացիան, 2022-ի սեպտեմբերյան բախումները եւ Լաչինի անցակետը եղել են ուղերձներ հայերին:
«Ինչքա՞ն կարելի է, մի՞թե հայերն այդքան անհասկացող են»,- հարցնում է Ալիեւը: Հիմա հայերի ու ադրբեջանցիների վերաինտեգրումը հնարավոր է, եթե Ղարաբաղի հայերը կարողանան ազատվել «այն խունտայից, որը գերի է վերցրել նրանց ու շահագործում է ինչպես ստրուկների»:
Հետո Ալիեւը դժգոհում է լրագրողների առաջ: «Այսօր հայերը արգելապատ են դրել Աղդամ-Ասկերան ավտոճանապարհին, երբ մենք ասացինք, թե ինչու մթերքը պետք է երրորդ երկրից մտնի Ղարաբաղ: Այն Ադրբեջանինն է, չէ՞: Բոլո՞րն են դա ընդունում: Բոլորն են ընդունում: Կա՞ մեկը, որ ասում է՝ դա այդպես չէ: Չկա: Այդ դեպքում ինչո՞ւ մի այլ երկրից պետք է գան բեռները Ղարաբաղ. դա տրամաբանական չէ: Փոխանակ մեր մթերքներն ընդունեն, նրանք արգելապատ են դնում ճանապարհին: Հետեւաբար ո՞վ է ում դեմ արգելքներ դնում»,- հարցրել է Ադրբեջանի նախագահը:
«Եվ այսօր այն երգիծական շոուն, որ նրանք բեմադրում են վրաններում եւ ընդվզում են ինչ-որ մեկի դեմ, դա ախր անեկդոտ է»,- ասում է Ալիեւը Ստեփանակերտում սկսված բողոքի գործողությունների մասին: Նա վերջում բոլորին հավատացրել է, որ Ադրբեջանը դեռ հույսը չի կորցրել, որ Ղարաբաղում կհասկանան իրենց ըմբոստության անհեռանկար լինելը: