Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Հաղթանակի պողոտան այս տարվա վաղ գարնանը քանդվել է հիմնովին վերանորոգման նպատակով: Փողոցը վերականգնվելու է Համաշխարհային բանկի միջոցներով:
Սուբվենցիոն ծրագրով 2023 թվականին հիմնանորոգվելու է քաղաքի տարբեր հատվածների 29 փողոց: Շինարարության արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է, որից 55 տոկոսը՝ համայնքի, 45-ն էլ պետության ներդրումն է: Քաղաքում կատարվում են նաեւ փոսալցման աշխատանքներ:
Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանն ասում է՝ բարդություններ առաջանում են հիմնականում կապված ջրամատակարարման, կոյուղատար ցանցի անցկացման հետ, բայց չկա խնդիր, որն իր լուծումը չստանա: Որ քաղաքի փողոցները քանդված են, մարդիկ էլ վրդովված ու անհույս սպասում են վերանորոգմանը, քաղաքապետարանի ներկայացուցիչը բնական է համարում. «Բնակչությանը հորդորում ենք լինել համբերատար, քանդե՛նք, որ սարքե՛նք»: Ջանոյանը վստահեցնում է՝ ժամկետից շեղումներ չկան, մեկ տարի է շինարարության ժամկետը, իսկ դրա ավարտին դեռ շատ ժամանակ կա:
Ի հակադրություն Ջանոյանի լավատեսական պնդումներին՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մշտապես դժգոհություն է հայտնում աշխատանքների դանդաղ ընթացքի, դրանով պայմանավորված՝ բնակիչներին պատճառվող անհարմարությունների համար:
KFW բանկի ֆինանսավորմամբ, «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով «Դորոժնիկ» ընկերությունը մշտապես թերանում է աշխատանքների ժամկետների հարցում:
Ընկերության ղեկավարության հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքապետը վրդովմունք էր հայտնել, պահանջել, որ ժամկետներն ավելի հստակեցվեն. «Այսպես հնարավոր չէ, հստակ ասեք, մենք էլ հետո ձեզ հետ խոսելիս ասենք՝ այս ժամկետն էիք նշել։ Չգիտեմ ոնց եք աշխատում, որ ձեր լցրած խրամուղիները շատ արագ նստում են։ Ինչքան հնարավոր է շուտ սկսեք, հակառակ դեպքում չեմ թողնի ուրիշ փողոցների վրա գործ սկսեք»,- ավելացրել է Սամսոնյանը։
Գյումրու ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը մտաբերում է. 10 տարի է՝ նույն խնդիրն է քաղաքում: «Այն ժամանակ էլ Բալասանյանն էր պարբերաբար հրավիրում ջրմուղի, գազի, էլցանցի, շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին, երկու ամիսը մեկ 2-3 ժամանոց նույնաբովանդակ վեճ էր լինում, եւ վերջ: Արդյունքը ոչ ոք չէր տեսնում»:
Լեւոն Բարսեղյանը անլուծելի թվացող խնդրի լուծման մեթոդներ է առաջարկում: Ըստ նրա, եթե որեւէ անհատ կամ կազմակերպություն մոտենում է համայնքի ղեկավարին՝ թույլտվություն ստանալու, որ քաղաքի որոշակի հատված կտրվի ու որեւէ գիծ անցկացվի, համայնքի ղեկավարը նախ պետք է փորրձագետ հրավիրի, հետաքրքրվի, թե որն է ողջամիտ ժամկետը:
«Օրինակ՝ 1 կմ ճանապարհահատվածի ջրագիծ փոխելու համար 2 շաբաթը բավարար է: Եթե շինարարը չի համաձայնում, պետք է թույլտվություն չտալ, քանի որ այդ ժամկետն օդից վերցված չէ»:
Գալով խնդրի կարգավորման վերջնական փուլին՝ Բարսեղյանը համայնքապետարանին առաջարկում է. «Պայմանագրով նախատեսի՛ր․ եթե շինաշխատանքն արժի x դրամ, այդքան գումար փոխանցի՛ր քաղաքապետարանի հաշվին, եւ ըստ պայմանագրի դա անձեռնմխելի կմնա: Երկու շաբաթից, եթե քանդածդ վերականգնած չեղար, ես այդ գումարով կանեմ քո կիսատ կամ չավարտած գործը: Մեզ երաշխիք է պետք, քանի որ դուք միշտ խաբել եք»,- ասում է Բարսեղյանն ու վստահեցնում, որ այս կոշտ մեթոդը կիրառելու դեպքում ընկերությունը կանի ամեն ինչ, որ պայմանավորվածությունը չխախտի:
Ինչու սայլը տեղից չի շարժվում, եւ տարիներ շարունակ խաբող ու խաբվող կողմերը նույնն են մնում․ Բարսեղյանը կարծում է, որ քաղաքում կա վատ եւ անարդյունավետ կառավարում: Ըստ նրա՝ խնդիրները, որոնք կարելի էր լուծել ավելի արագ, կա՛մ չեն լուծվում, կա՛մ շատ վատ են լուծվում: Ինչ է նշանակում փոսային նորոգումը ամիսներ շարունակ ձգձգել: Նորոգման որակն էլ ոչ մի քննադատության չի դիմանա: Բարսեղյանը վրդովված հարցնում է, թե մասնավոր շինարարին, որը կապալառու է, ով պետք է վերահսկի, ինքն էլ պատասխանում է՝ քաղաքապետարանը… իսկ ինչու չեք վերահսկում… կա՛մ չեք կարողանում, կա՛մ տիրոջ հոգատարություն չկա:
Ով է մեղավոր, ով՝ անմեղ՝ չի հետաքրքրում քաղաքացուն, նա միայն տեսնում է, որ փողոցն անանցանելի է, պատճառված անհարմարությունը՝ անտանելի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։