Ըստ Bloomberg-ի՝ 2023-ին աշխարհը կկանգնի պարենային լուրջ սպառնալիքի առաջ։ Պատճառները մի քանիսն են՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը, անոմալ շոգը Եվրոպայում եւ Ամերիկայում, ինչպես նաեւ պարենային հումքի խոշորագույն մատակարարների արտահանման սահմանափակումները։ Բարձր ջերմաստիճանը կործանում է ագարակները ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան, իսկ բերքահավաքը, ինչպես նաեւ մրգի եւ կաթնամթերքի արտադրությունը վտանգված են: Եղանակային վատ պայմանները սննդամթերքի մատակարարման սպառնալիքներից են, որոնք վերստին ուժգնանում են ամբողջ աշխարհում: Հարավային Եվրոպայում ներկա պահին այնքան շոգ է, որ կովերը քիչ կաթ են արտադրում, իսկ լոլիկը փչանում է: Հացահատիկի բերքատվությունը նույնպես շատ ավելի փոքր կլինի։ Սիցիլիայում որոշ լոլիկների վրա առաջանում են սեւ օղակներ՝ փտում, որը տեղի է ունենում, երբ եղանակային բարդ պայմանները հանգեցնում են բույսերի կալցիումի պակասի:
Բրնձի՝ աշխարհի ամենամեծ արտահանող Հնդկաստանը նախորդ շաբաթ ներքին գնաճը զսպելու նպատակով արգելեց ապրանքի մի մասի արտահանումը, որը աշխարհի բնակչության շուրջ կեսի համար հիմնական սննդամթերք է: Ռուսաստանը դուրս եկավ գործարքից, որը հնարավորություն էր ընձեռում ուկրաինական հացահատիկն անվտանգ անցկացնելու Սեւ ծովով: Ի հավելումն դրա՝ վերջերս սկսել է Էլ Նինյոյի ժամանակաշրջանը՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեւութային շերտի ջերմաստիճանի տատանումները, ինչը նկատելի ազդեցություն է ունենում կլիմայի վրա, որը գյուղատնտեսությանը ավելի մեծ վնաս կհասցնի: Չինաստանում բրնձի բերքատվությունը եւս վտանգված է, եւ հունիսին ԱՄՆ-ում բերքի պայմանները ամենավատն էին վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում: Ասիայում բրնձի գները վերջերս հասել են երկու տարվա առավելագույնին, քանի որ ներկրողները պաշարներ են կուտակել: Թեեւ վնասի ամբողջ չափը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կպահպանվեն անբարենպաստ պայմանները, արդեն իսկ կան մրգի եւ բանջարեղենի խնդիրների հստակ նշաններ Հարավային Եվրոպայում, որն ապահովում է մայրցամաքի մեծ մասը:
Այս ամենը կրկին մտահոգություն է առաջացնում պարենային անվտանգության եւ գների առումով։ Վտանգ կա, որ սուպերմարկետների դարակներում գնաճը կշարունակվի, ինչը նոր հարված կլինի սպառողների համար։ Ըստ Լոնդոնի Chatham House-ի պարենային անվտանգության փորձագետ Թիմ Բենթոնի՝ իրենք դեռ պայքարում են գնաճային ռեժիմի դեմ: «Թեեւ գնաճը դանդաղում է, բայց դա չի նշանակում, որ գները նվազում են։ Նրանք պարզապես ավելի դանդաղ են աճում»,-ասում է նա: Ջերմային ալիքը, որը հասել է Ասիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հսկայական տարածքներ, այս դժվարին տարում եւս մեկ փորձություն է ագարակատերերի համար: Նրանք ստիպված էին դիմակայել էքստրեմալ եղանակային պայմաններին, դրանց թվում՝ երկարատեւ երաշտներին, հորդառատ անձրեւներին եւ ջրհեղեղներին: