«15․07․2023 թ․, 11։39 րոպե։ Սանահինի կողմից էկող գնացք էր, դղրդյունը ես լսում էի, բայց ոչ մի ազդանշան չկար։ Ահագին երկար վագոններ էին։ Դրանից հետո՝ 12։02 րոպե, դեպի Սանահին էն կողմից (Վրաստանի – հեղ․) էկողը գնաց՝ ուժեղ սիգնալով։ Այ էդ մեկը տվեց…»։
Պատմողը Ալավերդու բնակիչ Սեդա Հակոբյանն է։ Նա 31 տարի է` Ալավերդու՝ երկաթգծին մոտ գտնվող «Հայպետշին» թաղամասում է ապրում։ Մինչեւ վերջերս գնացքների անցուդարձին ուշադրություն չէր էլ դարձնում, սակայն մեկուկես ամիս առաջ գնացքի ռելսերի վրա ընդհատվեց երիտասարդ որդու կյանքը, ու սկսվեցին նրա մղձավանջային օրերը։
Հունիսի 3-ին Ալավերդու երկաթուղային գծանցում գնացքի հարվածից մահացավ 30–ամյա Ժորա Պետրոսյանը։ Վարկած կար, որ նա ազդանշանը չի լսել, դրա համար էլ հայտնվել է գնացքի տակ։ Մայրն այդ վարկածին չի հավատում. մտածում է, որ ոչ թե որդին գնացքի ազդանշանը չի լսել, այլ ազդանշան պարզապես չի եղել։
«Էդ օրը երեւի անձրեւի, ամպրոպի պատճառով ուզել է շուտ տուն հասնի, կարճ ճանապարհով գա։ Եթե պատ են դրել, որ էս կողմից (փողոցի – հեղ․) չանցնեն, ինչի՞ էնտեղ էլ մի բան չեն դրել, որ հասկանան՝ դուրս գալու տեղ չկա։ Մուտքը կա, ելքը չկա»,- ասում է տիկին Սեդան, հետո շարունակում՝ որդին նախկինում երկաթգծով երբեք չի անցել․մեքենա է ունեցել, միշտ սեփական մեքենայով է շրջել, հետեւաբար չէր կարող իմանալ անցում չլինելու մասին։
Ժորա Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը: Պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով)։ Կատարվում է քննություն, նշանակվել են դատաբժշկական եւ ավտոտեխնիկական փորձաքննություններ։
«Սովորաբար նման դեպքերում փորձաքննություններն առանցքային նշանակություն են ունենում։ Դրանց պատասխանները մենք դեռեւս չենք ստացել։ Մինչեւ եզրակացությունները մենք չունենանք, վերջնական իրավական գնահատականներ հնարավոր չէ տալ»,- «Ալիք Մեդիա»-ին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Տխուր վիճակագրություն
Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի երկայնքով ձգվող նկարազարդ պատը էսթետիկ նպատակով չի կառուցվել։ Այն իրականում պատնեշ է, որ տարիներ առաջ դրվել է քաղաքացիների՝ երկաթգծով անցուդարձն արգելելու համար։ Մինչեւ պատի կառուցումը սա քաղաքի մարդաշատ վայրերից էր։
Երկաթգծի մի կողմում Թումանյան փողոցին հարող մայթն էր՝ հետիոտնի ակտիվ հոսքով, անմիջապես մյուս կողմում՝ «Լաչինի միջանցք» կոչվող շուկան։ Հենց շուկայի միջով էլ մարդիկ քաղաքի «Հայպետշին» թաղամաս էին հասնում։
Կնոջ մահը՝ գծանցն արգելափակելու պատճառ
2012 թվականի հուլիսի 2-ին Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրամովան, ուշադրություն չդարձնելով գնացքի ձայնային ազդանշաններին, շուկայի կողմից երկաթգիծ էր մտել, բայց չէր հասցրել անցնել։ Գնացքն անցել էր նրա վրայով որդու աչքի առաջ։
Դժբախտ պատահարից օրեր անց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկաթուղու պատվիրակության ուղեկցությամբ Ալավերդի էր եկել։ Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի (պաշտոնավարել է 2011-2015 թվականներին) հետ շրջայցից եւ տեղանքն ուսումնասիրելուց հետո գծանցն անհապաղ փակելու որոշում էր կայացվել։ Այցի ընթացքում երկաթուղու ղեկավարությունը հայտնել էր՝ բնակելի հատվածներում գնացքների սահմանված արագությունը պետք է մեծանա (ժամում 50 կիլոմետրից հասնելով 90-ի), եւ այդ պայմաններում անգամ մայթով անցուդարձը վտանգավոր է դառնալու։
2012-ի աշնանը երկաթգծի նշված հատվածը երկու կողմից փակվեց՝ չնայած քաղաքացիների դժգոհություններին եւ շուկայում առեւտուր անող կանանց՝ ռելսերին նստելու եւ գնացքի ճանապարհը փակելու սպառնալիքներին։ Երկաթգծի անցումը փակելը, ըստ առեւտրականների, նշանակում էր նաեւ շուկան փակել, ինչի հետեւանքով նրանք գործազուրկ կդառնային։
Առեւտրականների կանխատեսումներն իրականացան․ 100 մետր երկարությամբ պատը փակեց երկաթգիծը, հետո՝ շուկան։ Քաղաքապետարանը երկաթգծին հարակից տարածքից նաեւ հասարակական տրանսպորտի կանգառը տեղափոխեց։ Գլխավոր փողոցից դեպի բնակելի թաղամաս տանող ճանապարհը դարձավ հետիոտնային կամուրջը։ Բայց խնդիրը դրանով էլ չլուծվեց, քանի որ երկաթգծով մարդկանց անցուդարձը չդադարեց։
«Ճանապարհն այդպես կարճ է», «հետիոտնային կամուրջն անհարմար է». երկաթգիծը կյանքի գնով հատող քաղաքացիների հիմնական փաստարկները սրանք են։ Համայնքապետարանից ասում են` այլընտրանքային որեւէ անցում կառուցելու հնարավորություն հիմա չկա։ Ավելի շուտ կկարողանան բարեկարգել կամուրջը, քան նորը կառուցել։
Կամուրջն անվտանգ է, բայց շատ անհարմար
Երկաթուղային գծանցով քաղաքացիների շարժը նվազեցնելու նպատակով Ալավերդիում 1990-ականների սկզբին Թումանյան փողոցն ու «Հայպետշին» թաղամասը կապող հետիոտնային կամուրջ է կառուցվել։
Այն անվտանգ է երկաթուղային գծանցին այլընտրանք լինելու առումով։ Իսկ ընդհանրապես անհարմար է։ Հատկապես տարեցների համար եւ հատկապես ձմռանը կամրջի աստիճաններով իջնել-բարձրանալը գրեթե անհնարին է դառնում։ Բազմաթիվ քաղաքացիներ էլ դժգոհում են անվասայլակների համար նախատեսված երկաթե կոնստրուկցիաներից, որոնք, ի դեպ, նպատակին երբեք չեն ծառայել․ անվասայլակով մարդկանց այստեղ դժվար է հանդիպել։
«Երկաթները բեզարացնում են։ Կամուրջն էլ ձմեռը սառչում ա, հարմար չի։ Բայց ավելի լավ ա սենց գնանք, քան գծերով»,- ասաց տարեց մի քաղաքացի, որը չցանկացավ ներկայանալ։
«Մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, բայց էկա էսպես։ Որպեսզի մարդկանց կյանքերը փրկվի, թող բոլորը մտածեն, որ կարելի ա մենակ էս ձեւով օգտվել։ Ես ինքս շատ վախեցած եմ ու բոլորին խնդրում եմ մտածել էս մասին»,- ասաց Ալավերդու բնակիչ Անահիտ Բաբայանը՝ նկատի ունենալով մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարը։
33–ամյա կնոջ մահը՝ արգելապատն ամրացնելու պատճառ
2022-ի մայիսի 4-ին հերթական դժբախտ պատահարի զոհը Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի բնակիչ 33-ամյա Նելլի Գալստյանն էր, որը երկաթգիծը հատելիս չէր հասցրել դուրս գալ երթեւեկելի մասից։
Ինչու էր կինը հայտնվել երկաթգծին կամ արդյոք գիտեր, որ մյուս կողմում նույնպես արգելապատ կա՝ դժվար է կռահել։ Նշված վայրում վտանգի մասին տեղեկացնող, երկաթգծով անցումն արգելող կամ առհասարակ անցում չլինելու մասին որեւէ ցուցանակ չի եղել։ Չկա նաեւ այդ պատահարից ավելի քան մեկ տարի անց։
Նախորդ տարեվերջին կրկին պատի ամրացման միջոցով անցումն արգելափակող աշխատանքներ են արվել։ Բետոնե կոնստրուկցիաներին երկաթե ճաղավանդակներ են ամրացվել, ապա ձյութով պատվել։ Ամբողջությամբ փակվել են նաեւ բոլոր այն հատվածները, որոնք մինչ այդ բաց են եղել։
«Այդ տարածքում՝ հենց սկզբնամասում, ամրացվել եւ բարձրացվել է պատը, քանի որ դա եղել է պահանջ երկաթգծի կողմից։ Բացի այդ՝ քննարկել ենք եւ եզրակացրել, որ ամրացնենք, բարձրացնենք, որպեսզի բնակիչներն ընդհանրապես տարածքով շարժ չունենան։ Իհարկե, շարժը մեծ մասամբ դադարել է, բայց մարդիկ կան, որ փորձում են շրջանցել։ Նույնն է, որ կառուցենք հինգմետրանոց պարիսպ, բայց եթե մարդը ցանկանում է էդ պարսպով բարձրանալ, ուրեմն պիտի բարձրանա»,- ասում է Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։
Գիտակցությանը հասցնել` բացատրելով
Արկադի Թամազյանն ամիսներ առաջ արված լուսանկարներ է ցույց տալիս, որոնցում երեւում է` ինչպես է քաղաքացիներից մեկն անցնում արգելապատի վրայով։ Համայնքապետի կարծիքով՝ խնդիրը մարդկանց գիտակցության մակարդակն է։
«Քանի ղեկավար եկել ա, պատը շարունակել ա ավելացնել ու ավելացնել։ Բայց էդ մարդկանց գիտակցության մեջ բան չի փոխվել։ Հիմա մենք էլ էս կողմն ենք ամբողջությամբ փակել։ Տեսախցիկ էլ դնենք, մարդու գրպանին էլ կպնենք` էդ մարդը, եթե գիտակցությունը չի հերիքում, եթե ինքն էդպես ա մտածում, ինչ ուզում եք, արեք։ Իհարկե, լավ կլինի, որ այլ ճանապարհ լինի, շատ տարբեր առաջարկներ են լինում, բայց դա համայնքի անելիքը չէ, երկաթգծի անելիքն է»,- նշում է Թամազյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, սակայն, իր անելիքը տեսնում է բացատրական աշխատանքի մակարդակում։
«Մենք այդտեղ բոլոր տեխնիկական հնարավորությունները սպառել ենք անվտանգության առումով։ Միակ հնարավորությունն ուղղակի մարդկանց բացատրելն է, որ նման բան չանեն, քանի որ խախտումը բնակիչների կողմից բերում է նման հետեւանքների։ Խնդրահարույց տեղեր ունենք նաեւ Արարատի մարզում, որ շարժը շատ է երկաթգծի վրայով։ Դպրոցում երեխաներին, ծնողներին, դասատուներին հավաքում, բացատրական աշխատանք ենք տանում, այսպես ենք փորձում ազդել։ Ալավերդիում դա մի փոքր ավելի ենք ակտիվացնելու»,- «Ալիք Մեդիա»-ին հաղորդեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Հ․Գ․ Երեք զոհ՝ տասը տարվա ընթացքում։ Իսկ երկաթգծի նշված հատվածը դեռ անցանելի է եւ ոմանց համար շարունակում է մնալ «կարճ ճանապարհ»։ Երկաթգծին հարող պատը, իհարկե, անընդհատ երկարացնել հնարավոր չէ։ Այլապես կստացվի ամբողջ քաղաքով մեկ արգելապատ կառուցել։ Բայց այլընտրանք միշտ կարելի է գտնել՝ վտանգի մասին տեղեկացնող պարզ ցուցանակների տեսքով, հսկելով, տուգանելով։ Վերջինն ավելի արդյունավետ է։ Փորձն է ցույց տալիս։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։