ZN.UA-ի թղթակից Տատյանա Սիլինան իր հոդվածում հայտնել է, որ ուկրաինացիների կեսից ավելին չգիտի՝ ինչ է նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը։ Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգները ZN.UA-ի պատվերով հարցումն անցկացրել են հունիսի 23-28-ը Ուկրաինայի 22 մարզերում եւ Կիեւում։ Արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը՝ 34,7%-ը, վստահ է, որ բոլոր կետերը հավասարապես կարեւոր են։ Հիշեցնենք՝ Զելենսկու խաղաղության բանաձեւը բաղկացած է 10 կետից. դրանք են՝ 1․ ճառագայթային եւ միջուկային անվտանգություն, 2․ սննդի անվտանգություն, 3․ էներգետիկ անվտանգություն, 4․ բոլոր բանտարկյալների եւ տեղահանվածների ազատ արձակում, 5․ ՄԱԿ-ի կանոնադրության իրականացում եւ տարածքային ամբողջականության ու աշխարհակարգի վերականգնում, 6․ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերում եւ ռազմական գործողությունների դադարեցում, 7․ արդարադատություն, 8․ էկոցիդ, 9․ էսկալացիայի կանխարգելում, 10․ պատերազմի ավարտի արձանագրում։ Այդուհանդերձ, թիվ 6 կետը՝ ռուսական զորքերի դուրսբերում եւ ռազմական գործողությունների դադարեցում, Ռուսաստանի հետ Ուկրաինայի պետական սահմանի վերականգնում, ինչպես եւ սպասվում էր, ստացել է քաղաքացիների 37,9%-ի հավանությունը։
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ուկրաինացիների մեկ երրորդը՝ 33%-ը, Կիեւի խաղաղության ծրագրի առաջին կետը՝ միջուկային անվտանգությունը, ամենակարեւորն է անվանել։ Բայց 8-րդ եւ 7-րդ տեղերը զբաղեցրած հաջորդ երկու կետերն ակնհայտորեն չեն մտնում ուկրաինացիների հիմնական առաջնահերթությունների շարքում։ Այսպիսով՝ հարցվածների միայն 8,1%-ն է ընտրել պարենային անվտանգությունը, եւ 10,9%-ը՝ էներգետիկ անվտանգությունը։ «Ուկրաինացիների համար այսօր շատ ավելի կարեւոր են (եւ դա ցույց տվեցին ուսումնասիրության արդյունքները) Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ Ռուսաստանի հետ սահմանների հաստատումն ըստ ՄԱԿ-ի կանոնադրության. Զելենսկու ծրագրի թիվ 5 կետը առաջնահերթություն է համարել հարցվածների 27,5%-ը»,- գրում է հեղինակը։ Յուրաքանչյուր հինգերորդ ուկրաինացին՝ 22%-ը, նշել է բոլոր բանտարկյալների եւ Ռուսաստան արտաքսվածների ազատ արձակման կարեւորությունը։ Որովհետեւ, ինչպես գրում է Տատյանա Սիլինան, մեր հաղթանակը ամբողջական չի լինի, եթե հարյուրհազարավոր հայրենակիցներ չկարողանան տոնել այն մեզ հետ իրենց հայրենիքում, իսկ ագրեսորը շարունակի ոչնչացնել արտաքսված ուկրաինացի երեխաների ազգային ինքնությունը։
Ըստ ամենայնի՝ ուկրաինացիներն այնքան էլ չեն հավատում արդարությանն ու արդարության վերականգնմանը։ Հարցվածների միայն 18,7%-ն է ընտրել բանաձեւի թիվ 7 կետը։ Դա նշանակում է ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հանցագործության համար մեղավորներին հետաքննելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ագրեսորի կողմից այս պատերազմի հետեւանքով Ուկրաինային եւ ուկրաինացիներին պատճառված բոլոր կորուստների փոխհատուցման միջազգային մեխանիզմ։ Միեւնույն ժամանակ ուկրաինացիների վերաբերմունքը նախագահ Զելենսկու խաղաղության ծրագրի վերջին երեք կետերին ինչ-որ առումով զարմացրել, որոշ առումներով վրդովել է հեղինակին։ Ուկրաինացիների միայն 3,1%-ն է կարեւորել խաղաղության բանաձեւի 8-րդ կետը՝ էկոցիդի կանխարգելումը, շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտությունը։ Եվ դա, ըստ նրա, հիասթափեցնող էր: Չգիտես ինչու, թիվ 10 կետը՝ պատերազմի ավարտը, ներառյալ բոլոր կողմերի ստորագրած փաստաթուղթը, ընտրվել է կրկնակի ավելի շատ հարցվածների կողմից (14,6%), քան թիվ 9 կետը՝ էսկալացիայի կանխում, անվտանգության ամրապնդում, ներառյալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, որոնց հավանություն է տվել հարցման մասնակիցների միայն 7%-ը: Ինքը՝ Զելենսկին, ասել է, որ եթե Կիեւը կատարի խաղաղության բանաձեւը, կարելի է դիվանագիտորեն ամրագրել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։