Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը երբեք կողմ չի եղել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության արգելափակմանը։ Անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ նա ասել է, որ ե՛ւ Թեհրանը, ե՛ւ Երեւանը շեշտում են, որ այդ ճանապարհները կարեւոր են եւ պետք է գործեն: Ըստ Աբդոլլահիանի` Իլհամ Ալիեւն իր հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ մտադիր չէ այդ հարցում «Զանգեզուրի միջանցք» կամ այլ խոչընդոտներ ստեղծել Հայաստանի համար: «Մենք էլ ադրբեջանցի պաշտոնյաներին բացատրել ենք, որ ճգնաժամային պայմաններում անգամ չենք փակելու Ադրբեջանից Նախիջեւան հաղորդակցության ուղին, եւ այդ առումով երկու երկրների միջեւ կա պայմանավորվածություն»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-իրանական նախագծերի իրագործմանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը լրջորեն աշխատում է` երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնելու մինչեւ 1 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ մինչեւ 3 միլիարդ դոլարի։ 2022-ի արդյունքներով` ապրանքաշրջանառությունը եղել է մոտ 710 միլիոն դոլար։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է էլեկտրաէներգիայի դիմաց գազի բարտերային մատակարարումների ծավալներն ընդլայնելու մտադրությունը։ Ի թիվս այլ նախագծերի՝ նա նշել է նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու անհրաժեշտությունը։