Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից հայտնել են, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ նոր բախում է եղել։ Միջադեպը եղել է Տաջիկստանից Վորուխ անկլավ տանող եւ Ղրղզստանի տարածքով անցնող ճանապարհին։ Վարորդների միջեւ ծեծկռտուք է եղել։ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը կոնֆլիկտը սկսելու համար մեղադրել է Տաջիկստանի քաղաքացիներին՝ հավելելով, որ Խոջայ-Աալո գյուղի բնակիչներն այնուհետեւ հարձակվել են դեպքի վայր ժամանած Ղրղզստանի ՆԳՆ աշխատակցի վրա՝ փորձելով ծեծել նրան, եւ ջարդել են նրա մեքենայի հետեւի հայելին: Երկու երկրների սահմանապահները իրավիճակը կայունացնելու համար բանակցություններ են սկսել։
2022-ի հոկտեմբերին Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովն առաջարկել էր ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայել: «Մինչեւ մեր միջեւ միջնորդ դատավոր չկանգնի, խաղաղություն չի լինի»,– հայտարարել էր նա: Ավելի վաղ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն էր տեղի ունեցել սահմանապահների միջեւ։ Հակամարտությունները պարբերաբար բռնկվել են նաեւ նախկինում՝ չկարգավորված տարածքային վեճերի պատճառով։
Դեռ 2021-ի գարնանը Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ լուրջ լարվածություն էր սկիզբ առել։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ։ Ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք: Երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ, այնուհետեւ սկսվել է փոխհրաձգությունը։ Ժամեր տեւած զինված բախումներից եւ զուգահեռ անցկացված բանակցություններից հետո ի վերջո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարել են հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին՝ խոստանալով հետ քաշել զորքը եւ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։