Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երեւանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ եւ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարած այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Մանասյանն այցելել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ պատգամավորների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ իրավասու այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաեւ հունիսի 16-ին եւ 21-ին: Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Արձանագրվել են մանկապարտեզ հաճախող երեխաների՝ մանկության շրջանում կրթություն ստանալու իրավունքի իրացման պատշաճ ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ։
Մասնավորապես՝
Մանկապարտեզում գործում է 2 տարիքային խումբ․ 1-ին խումբ՝ 3-5 տարեկան (25 երեխա), 2-րդ խումբ՝ 4-6 տարեկան (30 երեխա): 1-ին խմբի ննջասենյակի վերնահարկում գտնվում է «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձանց խաղասենյակը, իսկ 2-րդ խմբի ննջասենյակի պատուհանից բացվող տեսարանը «Ձորակ» կենտրոնի բակն է, որտեղ զբոսնում եւ իրենց ազատ ժամանակն են անցկացնում խնամք ստացող անձինք: Նշվածի հաշվառմամբ մանկապարտեզի վարչակազմը տեղեկացրել է, որ պատուհանները երբեւէ չեն բացում եւ մշտապես փակված են լինում շերտավոր վարագույրներով, իսկ օդափոխություն կատարում են այն ժամանակահատվածում, երբ երեխաները դրսում են լինում:
Մանկապարտեզի եւ «Ձորակ» կենտրոնի բակերում՝ շենքի կողային հատվածով առկա ազատ տարածքով հնարավոր է առանց որեւէ խոչընդոտի տեղաշարժվել, ինչը կանխելու նպատակով, ըստ մանկապարտեզի աշխատակիցների, տարիներ առաջ որոշվել էր արգելապատի միջոցով սահմանափակել այդ հատվածի ելումուտը, սակայն` ապարդյուն: Բացի դրանից՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են տեսանյութեր, որից պարզ է դառնում, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաեւ տարածքի բնակիչների, նրանց թվում՝ երեխաների համար:
Դրա մասին տեղեկացրել են նաեւ բնակիչները՝ մասնավորապես նշելով, որ հաստատությունից փախուստի դեպքեր են եղել: Ուստի անհրաժեշտ է լիովին գնահատել նման հաստատությունների կարիքները, դրանք կօգնեն սահմանելու խնամարկյալների եւ բժշկական կամ սպասարկող անձնակազմի, դրանց թվում՝ տարածքի պահպանությունն ապահովող անվտանգության աշխատակիցների առավելագույն հարաբերակցությունը: Այս առումով հարկ է նշել, որ մանկապարտեզի աշխատակիցներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ ստեղծված իրավիճակին ընտելացել են. «…սովորել ենք՝ մենք էլ, երեխաներն էլ»: