«Օրերս Թուրքիայի նախագահն ասել էր, որ 2025-ին Ռուսաստանը դուրս է գալու Լեռնային Ղարաբաղից: Հայկական կողմն ինչպե՞ս է ապահովելու ղարաբաղցիների անվտանգությունը»,- վարչապետին ասուլիսի ժամանակ հարցրել է լրագրողներից մեկը:
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, եւ այդ նպատակն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, ըստ որի՝ ՌԴ-ն թույլ է տալիս նախագահին զորք գործուղել Ղարաբաղ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար: Եվ այս ձեւակերպումը վերցված է ՌԴ նախագահի Դաշնային ժողովին այդ առիթով հղված դիմումից, այսինքն՝ ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ: Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, դա նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլեւս չկա: Որովհետեւ եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այդպիսի որոշում կայացվել: Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում համարվել է արդյունավետ, եւ կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն չկա»,- ասել է ՀՀ վարչապետը: