Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ միշտ չէ, որ մեր խնդիրների համար պետք է դիմենք երրորդ երկրին ու ասենք՝ դե, Մոսկվա, տես՝ ինչ ես անում, կամ՝ Վաշինգտոն, կամ՝ Բրյուսել:
«Իսկ մենք ի՞նչ ենք անում: Ստեփանակերտն ի՞նչ է անում: Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան շատ ազնիվ շեշտադրումներ, եւ էդ շեշտադրումները եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝ լավ, դուք 30 տարի անկախ պետություն եք, ինչքա՞ն եք դուք ցանկացած, ինչ խնդիր լինի, զանգեք Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա (նոր հիշեցի, էսպիսի ժանր ունենք, չէ՞, «Նամակ ռուսաց թագավորին»), մինչեւ ե՞րբ ենք էդ ժանրի մեջ ապրելու: Ընդ որում՝ այո՛, էդ ժանրի հիմնադրման գործում նաեւ ԼՂ մեր հայրենակիցները շատ մեծ դերակատարում ունեն: Լավ, էսօր չենք տեսնո՞ւմ, թե ինչ խնդիրներ կան: Մոսկվան էլ ունի, բա Մոսկվայի խնդիրնե՞րն ով լուծի: Իմիջիայլոց, 2020-ի պատերազմի մեկնարկի համատեքստում մի գործոն կա, որը մոռանում ենք ու հաշվի չենք առնում, դա Քովիդի գործոնն ա, որը չեմ ասում՝ շրջադարձային է, բայց գործոն է: ՀՀ-ն ամենավատ վիճակում չէր: Բոլորը զբաղվում էին Քովիդով, էսօրվա իմ խոսքի բացման ուղերձը դա է, այո՛, դա չի նշանակում, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ հարցեր լուծել, դա նշանակում է, որ իրենք էլ հարցեր ունեն ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Մոսկվայում: Ես այդ դիտանկյունին անդրադարձել եմ «Ֆրանս Պրեսին» տված հարցազրույցում: Մենք՝ որպես պետություն, հասունացման հաջորդ քայլը պետք է անենք հասկանալով, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Եվ կարծում եմ, որ տարածքային ամբողջականության ճանաչումը ՀՀ-ի համար հասունացման հաջորդ փուլ մտնելու շատ կարեւոր քայլ է: Մենք չենք կարող առանձին մոլորակի վրա ապրելու տեսիլք ստեղծել, կարող ենք ստեղծել, բայց դա իրականություն չէ, դա տեսիլք է, մենք առանձին մոլորակի վրա չենք ապրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: