«Մեր դատական համակարգում անկախության պրոբլեմ կա, ո՞վ չգիտի դրա մասին»,- հուլիսի 25-ի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ կա անկախության պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը պետք է լուծել: «Ես ոչ ցանկալի դատավորներին ո՛չ հեռացնողն եմ, ո՛չ էլ չհեռացնողը: Ես ասեմ՝ ինչ է անում կառավարությունը դատական համակարգի անկախացման համար՝ աշխատավարձերն ա բարձրացնում, որպեսզի դատավորները սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան: Բա մյուս կողմից, կներեք արտահայտությանս, մի ասուլիսում լրագրողը գալիս ասում ա՝ բա վեթինգ չարիք, էդ բոլոր դատավորները կաշառակեր, կոռումպացված, 20 տարի են թալանել, 10 տարի են թալանել, 8 տարի են թալանել, բա ինչի՞ են իրանց տեղերում, փորձում ենք պատասխանել, հաջորդ հարցն են տալիս՝ դատավորներին ճնշում են, եւ այլն, եւ այլն, ինչո՞ւ մինչեւ հիմա ազատության մեջ են, երկար ցուցակ կա, հետո՝ ինչո՞ւ ազատության մեջ չեն, էդքան էլ երկար չի էդ ցուցակը, ի՞նչ եք ակնկալում ինձանից՝ որ ի՞նչ անեմ»:
Լրագրողը հակադարձում է, որ Հայաստանում արդարադատությունն ընտրովի է: Փաշինյանը համաձայնում է. «Իրոք, ՀՀ-ում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են կայացնում: ՀՀ-ում կան դատավորներ, որոնք ինչ որոշում ասես կարող են կայացնել: Ես էս 5 տարվա ընթացքում համոզվել եմ, որ ՀՀ-ում դեռեւս կան դատավորներ, որոնք ոչ մի սահմանափակում չունեն, ինչ ասես կարող են որոշել, որ ո՛չ օրենսդրության հետ կապ ունենա, ո՛չ տրամադրության հետ: Էդ մարդիկ չեն կարող լինել դատավորներ: Մարդիկ ինձ ասում են՝ բա վեթինգ եք խոստացել, ի՞նչ եղավ էդ վեթինգը»: