Լրագրողներից մեկը Փաշինյանին հիշեցրեց, որ իշխանության գալիս նա խոստացել էր ցանկացած որոշում ընդունելիս հաշվի առնել ժողովրդի կարծիքը:
«Բա հիմա մենք ի՞նչ ենք անում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: Այս ասուլիսը նույնպես նա համարում է ժողովրդի հետ քննարկում: Ուղիղ եթերում քննիչ հանձնաժողովի հարցերին 6 ժամ պատասխանելը նույնպես համարում է ժողովրդի հետ քննարկում: Բայց ինչ վերաբերում է Ղարաբաղի ճակատագրին, ըստ նրա՝ դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:
«Ես մանդատ ունեմ որոշումներ կայացնելու ՀՀ-ի վերաբերյալ»,- ասել է նա:
Նրան հարցրին, թե ինչու հանրաքվե չի անում Ղարաբաղի հարցի մասին:
Փաշինյանն արձագանքեց. «ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ-ի 29 800 կմ քառակուսի տարածքային ամբողջականությունը: Եթե որեւէ մեկը համաձայն չէ, որ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվի, թող ասի, որ ես համաձայն չեմ: Էնպես չի, է, ես հարցին ի պատասխան ասում եմ, որ ես առավոտից իրիկուն քնում եւ մտածում եմ, թե ոնց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ: Ես չեմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ես մտածում եմ ՀՀ տարածքային ամբողջականության մասին»:
Փաշինյանն ասում է․ «Մենք ստեղծել ենք պետություն առանց նրա չափերի մասին պատկերացում ունենալու: Մեզ թվացել է, որ եթե մենք ՀՀ չափերը լղոզում ենք, հնարավորություններ ենք բացում ՀՀ-ի առաջ: Իրականում մենք մեր պետականությունն ենք լղոզել, որովհետեւ ՀՀ քաղաքացին չգիտի՝ 29 800 կմ քառակուսին ինչ է՝ Կապանը մտնո՞ւմ է դրա մեջ, թե՞ չի մտնում:
Հարցնում եք՝ դուք ինչ իրավունք ունեք որոշելու ԼՂ ժողովրդի ճակատագիրը: Ես ասում եմ՝ ես իրավունք ունեմ որոշելու ՀՀ-ի ճակատագիրը: ՀՀ-ն է իմ գործունեության օբյեկտը: Ոչ միայն ՀՀ-ն: ԼՂ հայության ժողովրդի անվտանգությունն առնչվո՞ւմ է այդ թեմային: Իհարկե առնչվում է: Բայց գործունեության ֆոկուսը ՀՀ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ ՀՀ-ն է: Եվ այլ կերպ ընկալելը կատաստրոֆիկ սխալ է ոչ միայն ինձ համար, այլեւ մեզ համար:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցով հանրաքվեին, Փաշինյանը հարցնում է՝ հանրաքվեի անհրաժեշտություն ինչի՞ մասին, արդյո՞ք ՀՀ-ն ուզում է՝ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Բա որ, ենթադրենք, քվորում չապահովվի, դա ի՞նչ էֆեկտ է ունենալու ապագայի վրա: Եկե՛ք հասկացություններն էդպես ուղղակի չօգտագործենք առանց նրա բոլոր պարամետրերը ճշտելու եւ հասկանալու»: