Հուլիսի 25-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ այն մասին, թե Ադրբեջանի նախագահի հետ ադյոք քննարկել են նախկինում Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադառնալու հնարավորության մասին: Փաշինյանը պատասխանեց.
«Երբ որ խոսվել է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի մասին եւ այն, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով, Ադրբեջանն իր հերթին բարձրացնում է հարց, որ այդ դեպքում Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների եւ անվտանգության հարցը նույնպես պետք է հասցեագրվի, ինչին մեր արձագանքը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման Լեռնային Ղարաբաղի հայության թեմայի հետ համարժեք չէ, այլ համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Նախիջեւանից հեռացած հայերի իրավունքների եւ անվտանգության թեմային: Ընդ որում՝ այստեղ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք երկու իրավական կարգավիճակի մարդկանց մասին ենք խոսում: Առաջին կարգավիճակը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի շահառուների մասին է, որտեղ ասվում է, որ փախստականները եւ ներքին տեղահանվածները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Խոսքն այս կետում վերաբերում է ԼՂ-ի Հադրութում, Շուշիում, Մարտակերտում, Ասկերանում ապրած մարդկանց, այսինքն՝ էն բնակավայրերին, որտեղ հիմա չի ապրում հայ բնակչությունը, եւ հարակից շրջաններին, այսինքն՝ Շահումյանի Գետաշենի եւ մյուս շրջանների հայությանը: Եվ այս իրավական կարգավիճակից այն կողմ գոյություն ունի Բաքվի, Սումգայիթի ջարդերին ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների հարցը, մյուս բնակավայրերում՝ Թովլուզ, Եվլախ, Նախիջեւանից հեռացած հայերի իրավունքներին: Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, մենք այդպիսի հարց մեր օրակարգում չունենք եւ չենք քննարկել, մենք մանդատ չունենք այդ հարցը քննարկել: Մենք կարող ենք քննարկել այն հարցը, որի քննարկումը վերաբերում է մեզ»: