Hindustan Times պարբերականը գրում է, որ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից (ՆԱՍԱ) զգուշացրել են, որ հուլիսի 27-ին Երկրին կմոտենա անհավանական արագությամբ շարժվող աստղակերպ։ Սա 2018 BG5 տիեզերական ժայռն է, որը կթռչի մեր մոլորակի կողքով 4,1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա՝ շարժվելով ժամում ավելի քան 30 հազար կիլոմետր արագությամբ։ Թեեւ հեռավորությունը հսկայական է թվում, այն համեմատաբար փոքր է՝ հաշվի առնելով երկնային մարմնի չափերը:
Աստղակերպը պատկանում է Արեգակի շուրջը պտտվելիս Երկրի ուղեծիրը անընդհատ հատող Ապոլոն խմբի՝ մոտավորապես նույն չափի աստղակերպերին։ Դրանք կոչվել են 1930-ին հայտնաբերված1862 Apollo աստղակերպի պատվին։
2018 BG5-ի տրամագիծը գիտնականները գնահատում են 50 մետր, այսինքն՝ դրա չափերը կարելի է համեմատել ինքնաթիռի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ NASA-ում 96 կիլոմետրից ավելի տրամագծով աստղակերպներն են համարում պոտենցիալ վտանգավոր, ավելի փոքր տիեզերական ապարները նույնպես կարող են վտանգավոր լինել Երկրի համար։ Դա ակնհայտ դարձավ, երբ մոլորակի վրա ընկավ Չելյաբինսկի 18 մետր տրամագծով երկնաքարը։
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, Երկրի կողքով 20 հարկանի շենքի չափ աստղակերպ է սլացել: Այն թաքնվում էր Արեգակի լույսի ներքո, ինչի պատճառով աստղագետները նրան կարողացան տեսնել միայն երկու օր անց՝ հուլիսի 15-ին։