Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին Մոսկվայում անցկացվելիք հերթական հանդիպմանն ընդառաջ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը։ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին, Սերգեյ Լավրովին եւ Ջեյհուն Բայրամովին, որոնք քննարկելու են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Պահանջում եմ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը առնվազն եռակողմ հայտարարությամբ դրա կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին եւ որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները»,– մասնավորապես հայտարարել է նա: Արցախի նախագահը զգուշացրել է, որ եթե ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմերն անհապաղ չկարգավորեն, վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասը կընկնի հենց նրանց վրա։ «Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,– կոչ է արել Արայիկ Հարությունյանը:
Նա կրկին ահազանգել է Արցախի 225-օրյա ադրբեջանական շրջափակման, ներառյալ 40-օրյա լիակատար պաշարման եւ դրա հետեւանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին: Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախում Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություններ է գործում, որոնք Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների անմիջական հետեւանք են: