Գետառը կա ու չկա,
Գետառը ժուկով էր ու ժամանակով․․․
Գրող Արամ Պաչյանի տողերն են «Գետառ․ գետի հիշողությունը» նոր հրատարակված գրքից։ Հեղինակները հիշեցնում են՝ Երեւանով անցնող Գետառը կա՛, եւ այն գետ է։ Գրքի գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանը մտաբերում է նախագիծը սկսելու փուլը․ փնտրել են էկոլոգի, որը պիտի ներկայացներ գետի բնապահպանական նշանակությունը։ Դժվար է եղել։ Մի էկոլոգ հանդիպման ժամանակ ասել է՝ «…դե, այստեղ ուսումնասիրելու բան չկա, որովհետեւ Գետառը գետ չէ»։ Այս նախադասությունը որոշիչ է եղել։
«Զայրույթի պահին որոշեցի, որ նախագիծը պետք է ավարտենք եւ արդյունքները հրապարակենք։ Մի հոդված ունեմ գրքում, որ վերնագրված է՝ «Գետառը գետ է»։ Հնարավոր չէ քաղաքապետարանի կայքում տեղադրված որոշմամբ կամ մի տողով չեղարկել ոչ միայն բնական ռեսուրսը, ֆիզիկական տարածությունը քաղաքում, այլեւ մարդկանց հիշողությունն ու ինքնության մի կարեւոր մասը»,- ասում է Տիգրան Ամիրյանը։
Գետառի մշակութային, ուրբանիստական եւ բնապահպանական նշանակությունը բացահայտելու համար աշխատել է հետազոտական մեծ խումբ։ Նախագիծը 2021-ին է մեկնարկել, հավաքվել են երեւանցիների հիշողության տարրերը, ուսումնասիրվել պետական եւ անձնական արխիվային նյութերը, վերլուծվել։
Արխիվային նյութերը սահմանափակ են եղել, տեղեկություն հավաքելը՝ դժվար ու ժամանակատար։ Խորհրդային իշխանություններն ու հետազոտողները քննադատաբար են վերաբերվել գետին, որովհետեւ այն, ըստ իրենց ձեւակերպումների, ֆունկցիոնալ չի եղել։ «Այդ արխիվային լեզվից մենք տեսնում ենք խորհրդային իշխանությունների վերաբերմունքը ընդհանրապես բնական ռեսուրսների հանդեպ։ Եթե գետը չի կատարում դրական ֆունկցիա, այն սկսում են բնորոշել որպես բացասական երեւույթ»,- նշում է գլխավոր խմբագիրը։
Գրքի համահեղինակ, էկոլրագրող Մարի Չաքրյանը վերլուծել է Գետառը՝ որպես էկոհամակարգ։ «Գետառի սկիզբը մաքուր է․ պարզ է, որ աղտոտումը տեղի է ունենում ընթացքում։ Դա մեր վերաբերմունքի հետեւանքն է, որ մաքրամաքուր խմելու ջուրը վերածում ենք աղտոտված զանգվածի, որն անվանում ենք կոյուղի։ Քաղաքի կեղտաջրերի մեծ մասը՝ տարբեր հոսքագծեր, կա՛մ անմիջապես, կա՛մ հեղեղատարների միջոցով ի վերջո թափվում են գետահունի մեջ։ Տեսնում ենք բետոնապատված զանգված, որը գետի նման չէ, խաթարված է գետի էկոհամակարգը, այդտեղ այլեւս չկան էնդեմիկ ֆլորան ու ֆաունան, ձկներ վաղուց չեն հանդիպում»,- նշում է հետազոտողը։
Չաքրյանը ներկայացնում է տարբեր երկրների՝ փակված գետը երեւան հանելու՝ հաջողված փորձը։ Շատ զարգացած երկրներում հասկացել են, որ բնությունից ինչքան հեռանում են, այնքան գիտակցում են, որ պետք է դրան մոտ գնալ։ Բնության վրա հիմնված լուծումները շատ ավելի արդյունավետ ու կայուն են։ «Հույս ունենք, որ կունենանք քաղաքային այնպիսի իշխանություն, որը կգնա գետը բացելու ամբիցիոզ որոշմանը, եւ մենք նորից կունենանք մեր Գետառը»,- հույս է հայտնում լրագրողը։
Թեեւ Գետառում վաղուց ձկներ չկան, ու այն գրեթե ամբողջությամբ աղտոտված է, բայց Գետառի ափին ապրած ու իրենց հիշողություններով գետի հետ կապված շատ երեւանցիներ մտաբերում են այնտեղ եղած ձկներին։
Հասմիկ Ասլանյանը Մարտի 8-ի N 1 տանն է ծնվել, մեծացել։ Ժպիտով է պատմում՝ ինչքան մաքուր էր Գետառն իր մանկության տարիներին։
«Միշտ լողանում էինք գետում, գորգերն էինք լվանում, խաղում։ Մեր զբոսնելու ամենասիրելի վայրն էր Գետառը»,- նշում է այդ հասցեի նախկին բնակչուհին։
Հետազոտողները ցավով են արձանագրել՝ 2000-ականներից հետո ծնված երեւանաբնակներից շատերը չգիտեն էլ, որ իրենց քաղաքում գետ կա, որ կորել մոռացվել է փողոցների ու շինությունների տակ։
Արվեստագետ, ճարտարապետ Հարություն Թումաղյանը գիրքը նկարազարդելիս սկսել է գետի հատվածները փնտրելուց, ընթացքում էլ տրվել սեփական հիշողություններին։ Ամբողջ քաղաքում Գետառից մնացել է մի փոքրիկ բաց հատված «Ռոսիա» կինոթատրոնի հետնամասում, եւ մոտ քսանմետրանոց հատված՝ Օղակաձեւ զբոսայգում։ Ժամանակին Գետառն իր ուղեկիցն է եղել։ «Մեր թաղամասը գետի ափին էր, եւ իմ մանկության ու պատանեկության հիշողությունները կապված են Գետառի հետ՝ նավակներ սարքելուց ու գետում բաց թողնելուց մինչեւ խաղեր։ Ուսանողական տարիներին տրամվայով էի համալսարան գնում՝ գետի կողքով, ու տպավորություն էր, թե դասի գնալիս տնից մեկն ուղեկցում էր ինձ մինչեւ համալսարան»,- ասում է գրքի նկարազարդողը։
Գիրքը հրատարակվել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Մկրտչյանը կարեւորում է գրքի կրթական արժեքը՝ նշելով, թե այն կարող է ուսումնասիրության կարեւոր առարկա դառնալ կրթօջախներում։
«Գրքում կան մի քանի շատ կարեւոր գծեր՝ մարդու կապը, պատասխանատվության աստիճանն իր շրջապատի նկատմամբ։ Գիրքն այն մասին է, թե ինչ ենք ունեցել, ինչպես ենք վերաբերվել այդ ժառանգությանը, եւ երբ սկսել են այն վերացնել, ինչ արձագանք ենք տվել։ Մարդկանց արարքներն այսօրվա իրականության հետ ուղիղ կապ ունեն։ Մեզանում ինքնաքննադատությունը շատ թույլ է զարգացած․ չենք խոստովանում, որ ինչ արել ենք, մենք ենք արել, ոչ մեկը դրսից չի եկել ու գետը չի թաքցրել ավտոկանգառների, շինությունների, ռեստորանների, ակումբների տակ։ Դա արել ենք մենք՝ մեր ձեռքով, մեր որոշումներով»,- նշում է Գայանե Մկրտչյանը։
Հետազոտողները հույս ունեն՝ նման նախաձեռնությունները շուրջը նայելու եւ նոր սխալներ չանելու հնարավորություն կտան։ Գրչի մեկ հարվածով մի ամբողջ ֆիզիկական տարածություն չի անցնի գետնի տակ՝ իր հետ տանելով մարդկանց ինքնությունն ու հիշողությունը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: