ՅԵՆՅՈ ՌԵՅՏՅՈ. ԲՈԼՈՐԻ ՍԻՐԵԼԻՆ
Նրան մի՛ թարգմանիր
1987-ին, երբ ես սկսեցի հունգարերեն սովորել, Բուդապեշտի գրախանութներն այնքան գրավիչ էին Սովետից եկած երիտասարդի համար, որ մտնում ու չէի ուզում դուրս գալ։
Գունագեղ, լավորակ գրքերի հսկայական բազմազանություն։ Արտասահմանյան հեղինակներ, որոնք ՍՍՀՄ-ում սև ցուցակում էին․ նրանց գործերից պատառիկներ էին հասանելի միայն «կենտրոնական», այսինքն՝ Մոսկվայում լույս տեսնող ռուսերեն հանդեսների սուր քննադատական գրախոսություններում։ Արգելելու համար պարտադիր չէր, որ այդ գրողները վատ վերաբերվեին Սովետական Միությանը, բավարար էր, որ «սոցիալիստական ռեալիզմի» սկզբունքներին չհամապատասխանեին։ Կային բացառություններ. դիցուք, սյուրռեալիստ կոմունիստներ Լուի Արագոնն ու Պոլ Էլյուարը տպագրվում էին՝ հիացնելով գրական բոհեմին, բայց պարզվելու էր, որ նրանք հաղթահարել էին գրաքննությունը ոչ այնքան քաղաքական հայացքների, այլ նաև Պետանվտանգության կողմից հավաքագրված լինելու շնորհիվ։ (Պարզվելու էր տասնամյակներ անց՝ արդեն ո՞ւմ էր հետաքրքիր. հետսովետական տարածքը բզկտվում էր պատերազմներից, տնտեսական ճգնաժամերից, հեղափոխություններից)։
Բուդապեշտում գրախանութ էի մտնում գրքերի ցուցակով, որոնք ինձ խորհուրդ էին տալիս թարգմանել տարբեր սերունդների և ճաշակի հունգարացի գրողները։ Բայց։ Բոլոր գրախանութներում վաճառվում էր մի հեղինակ, հաճախ՝ գրպանի ձևաչափով, որի անունը ոչ մի գրողից կամ գրականագետից չէի լսել։ Յենյո Ռեյտյո (1905-1943)։ Ի վերջո, ես մի օր գրադարակից վերցրի նրա գրքերից մեկն ու կարդացի առաջին էջը։ Մի շնչով.
Առաջին իսկ պարբերությունից ուզեցի թարգմանել։ Երբ ամբողջը կարդացի, արդեն որոշել էի։ Բայց մտադրությունս բախվեց… հունգարացի ընկերներիս դիմադրությանը։ Գիտեին՝ միայն ես եմ հունգարերեն բնագրից թարգմանում հայերեն, և հորդորում էին ավելի լուրջ գրականություն ընտրել։ «Վաղնջական հունգարական ողբից» մինչև սիրված պոստմոդեռնիստ Պետեր Էստերհազին՝ ժառանգը հռչակավոր տոհմի, որի կապելմեյստերն է եղել դասական կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնը մի քանի տասնամյակ։
1990-ականների սկիզբն էր։ Հայաստանում հոսանք լինում էր օրական երկու ժամ, հովհարաձև… եթե Ադրբեջանը չէր պայթեցնում գազատարը Վրաստանի սահմանին, եթե պայթեցներ՝ օրերով չէր լինի։ Կենտրոնացված ջեռուցումը դադարել էր մեկընդմիշտ։ Ժամանցի ձևերից մնացել էին պապենական լոտոն ու ընթերցանությունը, մոմի լույսի տակ։ Ես մտածեցի՝ Յենյո Ռեյտյոն իր արտառոց «միջազգային» հերոսներով, անսպասելի հումորով, էկզոտիկ միջավայրերով… որոնք ծանոթ են ընթերցողին… գրականությունից (մի թեթև հիշեցնում էր Գրիգոր Բաբայանի արձակը), իսկը «մութուցրտի» հեղինակ է։
Ընտրեցի Ռեյտյոյի «14 կարատանոց ավտոմեքենան» վեպը, որից մեջբերված հատվածն էր։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Այդին Մորիկյանը սիրով համաձայնեց շարունակաբար տպագրել վեպը, նախ՝ «Թուղթ ու գիր» հավելվածում, երբ վերջինս դադարեց լույս տեսնել, բուն «ՀՀ»-ում։ (Ի դեպ, Գրիգոր Բաբայանն էլ հենց սկզբից կարդում ու ըմբոշխնում էր ամեն մի նոր շարունակությունը)։
Անցյալ տարի ձեռնարկելով էսսեների շարքը հունգարացի գրողների մասին, որոնց առանձին գրքով հրատարակել եմ հայերեն՝ Յենյո Ռեյտյոյին ևս ներառեցի ցանկ, թեև «14 կարատանոց ավտոմեքենան» միայն թերթոնով էր լույս տեսել։ Թարգմանությունը լույս չի տեսել առանձին գրքով, որովհետև ունեցավ նույն ճակատագիրը, ինչ հեղինակը… անհետ կորավ։ Գրողի ողբերգական վախճանի մասին դեռ կպատմեմ, բայց ինչպե՞ս կարող էր կորչել 1993-ին թերթում տպված թարգմանությունը։
Ունեցածս միակ մեքենագիր օրինակը խնդրեց մի ընկեր, 90-ականների սկզբի սիրված շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, որպեսզի լույս ընծայի գրքով։ Ոչինչ չարեց, մեքենագիր օրինակն էլ կորավ։ Ես հանգիստ էի, քանի որ վեպն արդեն տպվել էր «ՀՀ»-ում։ Բայց երբ մի քանի տարի անց, արդեն 24-ժամյա հոսանքի պայմաններում ուզեցի «Ոսկե ավտոմեքենան» տպագրել, պարզվեց, որ թերթի 1993 թվականի համարների մեծ մասը կորել է՝ չկա ո՛չ խմբագրությունում, ՛ոչ Ազգային գրադարանում։ 1993-ը երրորդ տարին էր պատերազմի, որն անվերջ էր թվում։ Ոչ ոք գլուխ չէր դնում, այդ թվում՝ խմբագրություններում, որպեսզի պատմության համար պահպանվեն թերթերը, որոնք Անկախության շրջանում բազմապատկվել էին։ Երևի պետք է ստիպեմ ինձ նորից թարգմանել գիրքը՝ շատ ավելին իմանալով հեղինակի մասին՝ և՛ լավը, և՛ վատը («ընդունված» չափանիշներով), որոնք նրան դարձնում են վիպական կերպար։
Ռեյխ + Վոլֆ = Ռեյտյո
Ռեյտյոն գրողի կեղծանունն է, հայրական ազգանունը եղել է Ռեյխ, իսկ մայրը սերել է Վոլֆ ընտանիքից։ Հունգարացիները չեն խաբվել ազգանուններին, հստակ իմացել են ժամանակին, որ նրանք… հրեա են, ոչ գերմանացի՝ ելնելով ազգային այս երկու փոքրամասնության թվային հարաբերակցությունից և հանրային կյանքում ներգրավվածության աստիճանից։
Ռեյտյո բառացի նշանակում է թաքցնող, քողարկող, ծածուկ։ Միգուցե սա ակնարկ էր, որ նա գաղտնի է պահում ինքնությունը։ Զգուշանալու հիմքեր կային. հակահրեական տրամադրություններ համարյա բոլոր եվրոպական երկրներում եղել են մինչև Հիտլերը։
Մեզ՝ հայերիս, օտարահունչ կեղծանուն վերցնելու երևույթը ծանոթ է Մայքլ Առլենի, Անրի Վեռնոյի օրինակներով։ 1920-1930-ականներին ԱՄՆ-ում տարածված է եղել «սոված հայ» արտահայտությունը՝ այդքան վատ են ապրել Ցեղասպանությունից փրկված հայերը, և Ոստանիկ Ադոյանն էլ դարձել է Արշիլ Գորկի։
Հրեաներին էլ դարերով վերագրել են կծծիություն, նենգություն, երեխաներին գողանալու և օճառ եփելու «փեշակ», բայց Ռեյտյոն անձամբ գրական կեղծանվան ընտրությունը երբևէ չի բացատրել։
Ռեյխ + Ռեյտյո = Փ. Հովարդ
Ռեյտյո կեղծանվամբ ևս հատուկենտ գրքեր են տպվել։ Մեծ մասամբ՝ Փ. Հովարդ, երբեմն՝ Գիբսոն Լավըրի. ոչ «ազգային» գրական կեղծանուններով է լույս տեսել Ռեյտյոյի վեպերի մեծ մասը։ Բայց։ Սա, հրեականից բացի, հունգարական ինքնությունն էլ թաքցնելու համար չէր, այլ երկու ուրիշ նպատակ ուներ։
1. Հավաստի դարձնել վեպերի բովանդակությունը։ Յենյո Ռեյտյոյի հերոսները օտարազգիներ են, որոնք գործում են տարբեր երկրներում, հաճախ՝ օվկիանոսային կղզիներում («Նոբելյան մրցանակակիր» քսանմեկամյա Իվան Գորչևը, դիցուք, բուլղարացի է)։ Ընթերցողը կարող էր «ողջամիտ կասկած» ունենալ, որ հեղինակն իրազեկ է տեղերին ու միջավայրերին, որոնք նկարագրում է, եթե նա, ասենք, Բրիտանական կայսրության քաղաքացի չէ, որտեղ «արևը մայր չէր մտնում։
2. «Փոքր» երկրի ընթերցողի համար, որ սովորաբար հակված է լավ գրականությունը մեծ լեզուներից սպասելու՝ ֆրանսերենից, անգլերենից, Փ. Հովարդը շատ ավելի վստահելի է, քան «ոմն» Յենյո Ռեյտյո։ Մեկ բառով դա կոչվում է՝ օտարամոլություն։
Բայց միգուցե գրողը ի՞նքն է օտարամոլ, եթե հագուրդ է տվել «շուկայի» պահանջարկին։ Ո՛չ։ Իրականում նա… երկարաձգել է իր մանկությունը և… մեր մանկությունը։
«Գանձերի կղզին», «Կոմս Մոնտե Քրիստո», «Նավապետ Բլադի ոդիսականը», «Ռոբինզոն Կրուզոյի՝ յորքցի նավաստու կյանքն ու զարմանալի արկածները, որը քսանութ տարի ապրեց կատարյալ մենակության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկո գետի բերանի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և որը, փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից»… Այս և այլ վեպերը վաղ տարիքում կարդալուց հետո շատ ընթերցողների մեջ ծարավ է մնում դեպի այդ աշխարհները։ Հասուն տարիքի վերընթերցումը հաճախ հանգեցնում է հիասթափության։ Ռեյտյոն ժամանակակից է դարձրել արկածը։ Նրա վեպերը ինչ-որ անորսալի հեգնանք են պարունակում դեպի ժանրի դասականները՝ ընդառաջելով այն աշխարհընկալմանը, որն ավելի ուշ կկոչվի պոստմոդեռն։
Հետաքրքիր էր՝ գրողն ինքը ձևակերպե՞լ է իր մոտեցումը, սկզբունքները, ոճական նախընտրությունները։ Տպագիր գործերում նման հետքեր չգտնելով՝ փորձեցի ծանոթանալ անտիպ ժառանգությանը, որը պահպանվում է
Բուդապեշտի հայտնի պալատներից մեկում
Ռեյտյոյի «նեղ մասնագետ» Գերգեյ Տուրոցին, որն ինքն էլ բազմաթիվ մականուններ ունի՝ իր և ուրիշների կողմից շնորհված, որոնցից մեկը Տուրոկացին է՝ Նարեկացու նմանությամբ, նախ որպես սիրալիր ուղեվար ինձ ծանոթացրեց կոմս Կարոյիի պալատին, որտեղ գործում է Շանդոր Պետյոֆիի անվան Գրականության թանգարանը, պատմեց կոմսի մասին։
Կարոյի գերդաստանը XIV դարից է սերում։ Պատմական ամենահայտնի ներկայացուցիչը ֆելդմարշալ, բարոն, այնուհետև՝ կոմս, Շանդոր Կարոյին է (1669-1743), որը հաջող մարտեր է մղել թուրքերի դեմ, իսկ հետագայում, մասնակցելով Ավստրիայի դեմ ապստամբությանը, 1711-ին խաղաղության պայմանագիր կնքել կայսեր հետ, որը նշանակում էր հրաժարում անկախությունից։ Այն Հունգարիային լայն ինքնավարություն էր շնորհում․ ժողովուրդը համակերպվեց մինչև 1848-1949 թվականների հեղափոխությունը։
Տոհմի հռչակավոր դեմքերից վերջինը Միհայ Կարոյին էր (1875-1955)։ Նրա կյանքն արտացոլում է Հունգարիայի մշակութա-քաղաքական վայրիվերումները։ «Կարմիր կոմս» մականունով Կարոյին որպես հուսարական գնդի կամավոր է մասնակցել Առաջին աշխարհամարտին, բայց 1915-ից հանդես է եկել թուրք-ավստրահունգարա-գերմանական դաշինքից դուրս գալու օգտին՝ քարկոծվելով «հայրենասերներից»։ Ճիշտ է, նրա անվան հետ նաև թղթախաղում խոշոր պարտությունների եւ ավտովթարների պատմություններ են կապված (որոնց արդյունքում քիչ էր մնացել վաճառեր XIX դարի սկզբին կառուցված պալատը), բայց պատերազմից հետո հենց նա գլխավորեց առաջին հանրապետական, բոլշևիկամետ կառավարությունը։ Կարոյի՛ն ստորագրեց Տրիանոնի հաշտությունը (1920, Վերսալի Գրանդ Տրիանոն պալատ), որն ամրագրում էր Հունգարիայի ահռելի տարածքային կորուստները՝ անտեղի հուսալով, որ Վուդրո Վիլսոնի ազգային կազմի առաջնահերթություններով կազմած քարտեզը հետագայում կբարելավի վիճակը, ինչի համար նրան մինչև հիմա շատ հունգարներ համարում են դավաճան։ Կոմսը փորձեց համագործակցել կոմունիստների հետ, որոնց առաջնորդները բանտում էին, անկարգություններ կազմակերպելու համար, բայց անմիջապես ձերբակալվեց նրանց կողմից իրենց քառամսյա իշխանության հենց սկզբում։ Կարոյին փախավ արտասահման, հաջորդ կառավարությունը վաճառեց նրա պալատը։ Նա Հունգարիա վերադարձավ 1946-ին, պալատը վերադարձրին, բայց Կարոյին այն նվիրեց պետությանը՝ մշակութային նպատակներով օգտագործելու պայմանով։ Իհարկե՝ ոգևորությունից․ ձախամետ հայացքներ ուներ, բայց և բախտը բերեց, որ հասցրեց շռայլ ժեստը անել. մեկ-երկու տարուց Սովետական Միության խամաճիկ կառավարիչները այն կխլեին, ինչպես հարյուր հազարավոր ուրիշների մասնավոր սեփականությունը։
Գերգեյը ինձ ցույց տվեց, թե ինչպես է պալատի 150-ամյա ջեռուցման համակարգը 1,5 մետրանոց պատերի միջով տարածել տաքությունը, ձմեռային այգին՝ ոչ մեծ ապակեպատ պատշգամբը, հնարավորություն տվել ցուրտ եղանակին վայելել սենյակային կանաչ ծառերի հովանին, իսկ միջնասրահների մեծ կտավներից նայող նախնիները ժառանգներին անձնազոհության փառահեղ օրինակներ հիշեցրել։
2022-ի աշնանը, երբ վերջին անգամ Բուդապեշտում էի, յուրօրինակ տեսարժան վայրեր էին նաև պալատի բակը, որոշ սրահներ, որտեղ աննախադեպ մեծածավալ վերանորոգում էր ընթանում՝ Վիկտոր Օրբանի կառավարության հերթական կոռուպցիոն գործարքի մասին մեդիայի ահազանգերի ուղեկցությամբ։
Գրականության թանգարանում հսկայական նյութ է ամբարված, որը անգնահատելի օգնություն է հետազոտողներին, բայց Ռեյտյոն անտիպ ոչինչ չուներ։ Նրա անձնական իրերը ևս չեն պահպանվել։ Ես պատվիրեցի նրա ձեռագրերը՝ պարզապես «հոտոտելու» դրանք, գրողի նյարդային համակարգի մասին պատկերացում կազմելու համար ձեռագրից և ուղղումներից, որ անընթեռնելի էին։ Հետագայում ուշադրությունս կենտրոնացրի նրա կենսագրության վրա՝ զուգահեռներ փնտրելով ստեղծագործությունների հետ։
45 գրքի հեղինակի վիպական կյանքը
Հայտնի են օրինակներ, երբ գրողի երևակայությունը նրան տարել է շատ հեռու և վտանգավոր վայրեր, իսկ ինքը միանգամայն խաղաղ կյանքով է ապրել։ Լավագույն օրինակներից է ֆանտաստիկ գրականության դասական Այզեկ Ազիմովը՝ «Մարսեցիների ուղին», «Ես ռոբոտ եմ» սիրված գրքերի հեղինակը, որը ոչ միայն տիեզերանավին մոտ չէր գնա, այլև ինքնաթիռ ու գնացք չէր նստում, տեղաշարժվում էր… հեծանիվով։ Ռեյտյոյի կյանքի ընդամենը 38 տարուց վեցը, ինչպես ընդունված է ասել, պատված է խորհրդավորության քողով։
Նա, գրպանում մի քանի դրամ ունենալով, 22 տարեկանում հեռացել է Հունգարիայից ու թափառել երկրից երկիր՝ Եվրոպայից մինչև միջերկրանամերձ Աֆրիկա։ Բոլորի աչքի առաջ է անցել նրա կյանքը վերադարձից հետո, բայց նույնպես որոշ առասպելների ծնունդ տվել։
Ռեյտյոյի մանկությունը արտառոց փաստերով հարուստ չէ։ Դպրոցում, որը չի ավարտել, սիրել է հունգարերենը, գերմաներենը, պատմությունը։ Ընդունվել է առևտրի ուսումնարան, որտեղից հեռացրել են, քանի որ բախում է ունեցել ուսուցիչներից մեկի հետ, ըստ վարկածներից մեկի՝ իր հրեական ծագմանը վերաբերող վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու համար։ Թուլակազմ երեխա է եղել, դա հաղթահարելու համար բռնցքամարտի է գնացել։ Մարզիչը պարապմունքի ժամանակ ջարդել է նրա քիթը, այտամկանը վնասել, բայց զարգացրել մկանները, որոնցից պիտի որ զգուշանային կռվազան մարդիկ․ Յենյոյի հասակը 196 սմ էր։ Նա մի քիչ էլ դերասանություն է սովորել, խաղացել ավարտական ներկայացման մեջ․ ակնառու տաղանդ չի ցուցաբերել։
Յենյոն ընտանիքի երրորդ որդին էր։ Նա սիրել է շախմատ, թղթախաղ, ինչպես հայրն ու ավագ եղբայրը։ Ֆենոմենալ հիշողություն է ունեցել։
Ես Գերգեյին հարցրի, թե որքանով է Ռեյտյոյի կյանքը համապատասխանել նրա գրվածքների ոգուն։ Համենայնդեպս, Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնում չի ծառայել, իր հերոսներից շատերի նման՝ ասաց նա։ Բայց իրեն բնավ «խելոք չի պահել»։ Նրա կենսակերպն այնքան արագ է քայքայել առողջությունը, որ դեգերումների առաջին տարի չավարտված բժիշկը կյանքին սպառնացող վտանգ է տեսել։ «Թեև իրեն կեսն եմ ասել սիգարետների թվի մասին, որ օրական ծխում եմ, իսկ հարբեցողության, կանանց մասին՝ ոչ ամբողջ ճշմարտությունը։ Անքուն գիշերների մասին, երբ որ գրում եմ, միայն ակնարկել եմ»,- բացահայտում է Յենյոյի մի նամակը։
Միայն արտասովոր ուժեղ օրգանիզմի շնորհիվ է, որը զարմացրել էր բժշկին, երիտասարդը ողջ մնացել։
Վերադառնալով Բուդապեշտ՝ 1930-ին, նա փորձում է թերթ կամ ամսագիր հրատարակել, ինչպես… բոլորը այդ ժամանակ, բայց բուլվարային «Նադյկյորուտը» ձախողվեց։ Փոխարենը հեղինակը հռչակ ձեռք բերեց, երբ իր անհետացման, ենթադրական մահվան մասին լուր տարածեց մամուլով… Մեկ օր անց վերակենդանանալով շատ թուքումուր կերավ, բայց նրան ընդամենը մի քանի տարի էր բաժանում ոսկեբեր երակից՝ թե՛ գրականության մեջ, թե՛ ֆինանսական գործերում։ Որքան էլ երիտասարդության գրական փորձերը՝ թե՛ պոեզիա, թե՛ արձակ, թույլ էին, կաբարեների և Օպերետի թատրոնի համար գրած սցենարները («Աղջիկ-պարոնը սենյակ է փնտրում»՝ լավ վերնագիր է, չէ՞. կգտնի՞, չի՞ գտնի) հաջողություն ունեցան և նրան մեծ գումարներ բերեցին, որոնք շռայլում էր համապատասխան արագությամբ։ Համարյա նույն ժամանակ էլ՝ 1930-ականների երկրորդ կեսից, սկսեց գրել իր գլուխգործոցները, որոնք առ այսօր Հունգարիայում լուրջ չեն ընդունում։
Երբ Եվրոպան բախվեց ֆաշիզմի վտանգին, և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, Ռեյտյոն նորից պայքարում էր իր առողջության համար, որը վատնում էր սրճարաններում ու անքուն գիշերներ գրելով։ Հունգարիայի ֆաշիստամետ իշխանությունը հակահրեական օրենքներ ընդունեց, որոնց պատճառով Ռեյտյոյից լիբրետտո չէին ընդունում, և նա ստիպված էր ուրիշների համար որպես «գրական նեգր» աշխատել։ Ավելի ուշ, թղթի խնայողության պատրվակով, կառավարությունը սահմանափակեց «անլուրջ» գրականության, այդ թվում՝ Ռեյտյոյի վեպերի հրատարակությունը։
Հենց այդ տարիներին նա ամուսնացավ երկու անգամ, երկու անգամ էլ՝ մեքենագրուհիների հետ (նրանց կոչում էին «տաքսիմեքենավար»)։ «Հաճելին օգտակարի հետ համատեղելով»՝ կատակեց Գերգեյը, և հիմա ընթերցողն էլ երևի նույնը մտածեց։ Միգուցե ես շատ եմ անցել այս էսսեի հերոսի կողմը, բայց համաձայն չեմ։ Թղթախաղով ու վիճակախաղով տարված, հախուռն բնավորությամբ այդ դոնժուանը, կարծում եմ, ընդունակ չէր որևէ հաշվենկատ քայլի։ Նա այնքան զգայուն էր, որ 4 էջանոց նամակով պատիվ էր պահանջել Իրմա անունով մի «փոքրիկ տիկնոջից», որը նրան խաբեբա էր անվանել թղթախաղի ընթացքում շատ փոքր խաղադրույք անելու պահին։
40-50 վեպի հեղինակն ու Արևելյան ճակատը
1942-ին հունգարական հետադիմական «Միայնակ ենք» թերթում ծավալուն հոդված տպվեց, որը «դարակազմիկ» բացահայտում էր անում։ Որ Փ. Հովարդը կեղծանուն է, իսկ 40-50 «ժամանցային» վեպի հեղինակը Յենյո Ռեյտյոն է, որի իսկական ազգանունը Ռեյխ է։ Այսինքն՝ նա հրեա է, իմացե՛ք։ Իմացե՛ք նաև, որ նրա վեպերում գերմանացիներն անդուր են, ավելի, քան բոլորին արդեն քաջածանոթ Աղտոտ Ֆրեդը։ Իմացե՛ք, որ գրողը «զտարյուն ժողովրդավար է», որը թաքցնում է իր հայացքները ժանրային թեթևության քողի տակ։ Հոդվածի հեղինակը Դյորդյ Օլահն էր, որը պատերազմից հետո արտագաղթեց Արգենտինա։ Նա ապրեց 79 տարի, Բուենոս-Այրեսում հրատարակեց «Հակաքրիստոսը մեր շարքերում է շրջում» վերնագրով գիրքը։ Ավաղ, մարդը սովորաբար ուրիշների մեջ է փնտրում «հակաքրիստոսին», և միայն քչերն են քրիստոնեաբար ինքնախարազանվում։
Մի շաբաթ չանցած՝ Յենյո Ռեյտյոն ծանուցագիր ստացավ։ Առողջարանում նյարդերը բուժելուց հետո նոր Բուդապեշտ վերադարձած, ժամանակի օրենքներով իսկ զորակոչի ոչ ենթակա գրողին արագ ուղարկեցին Արևելյան ռազմաճակատ։ Որպես հրեա, օժանդակ բանվորի կարգավիճակով։ 1943-ի հունվարի սկզբին Վորոնեժի մերձակայքի Եվդակովո բնակավայրում նա կնքեց մահկանացուն։ 1945-ին Բերգեն-բելսենի համակենտրոնացման ճամբարում վախճանվեց նրա առաջին կինը՝ հարյուր հազարավոր այլ հունգարական հրեաների պես։
Ռեյտյոն՝ «ընդդեմ» նախորդ էսսեներիս հերոսների
Ինձ Բուդապեշտում չհաջողվեց պարզել, թե ինչպես են վերաբերվել Ռեյտյոյին նախորդ երեք էսսեներիս հերոսները․ երևի լուրջ չեն ընդունել, ինչպես որ այսօր՝ շատերը։ Բայց 2005-ին Հունգարիայում անցկացված հարցման համաձայն, թե ո՞վ է ձեր սիրած գրողը, Ռեյտյոն 5-րդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով նույնիսկ Շանդոր Պետյոֆիին։ Գուցե դա գրականագիտական չափանիշների տեսանկյունից անարդար, բայց խոսուն փաստ է։ Նրա գրականությունը «զանգվածային» է, բայց այս դեպքում զանգվածներին դուր է գալիս ոչ ստորակարգ ինչ-որ ձեռնածություն, այլ մարդկային մղումների անկեղծությունը, գլխապտույտ դեպքերը, երկխոսությունները, որոնց ամեն նոր պատասխան արկած է։ «Ռեյտյոյի վեպերում միշտ կարելի է գուշակել վեպի, բայց ոչ՝ նախադասության ավարտը»՝ նկատել է գրող Պալ Բարդոշը։ Իսկ արձակը, վեպը բաղկացած է հենց նախադասություններից։