Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է հանդիպել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայի օդանավակայաններից մեկում։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինքնաթիռի լիցքավորման ժամանակ մինչ պոնտիֆիկոսի՝ Մոնղոլիա թռիչքը։ Ըստ նրա՝ հանդիպման վայր կարող են դառնալ «Դոմոդեդովո» կամ «Վնուկովո» օդանավակայանները։
Սեւաստյանովն ընդգծել է, որ նման իրադարձությունը չի հարուցի այն մարդկանց հակազդեցությունը, ովքեր բացասաբար են վերաբերվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հնարավոր ժամանմանը Ռուսաստան, քանի որ օդանավակայանը համարվում է չեզոք եւ տարանցիկ գոտի։ Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարը հավելել է, որ եթե առաջարկն ընդունվի, հանդիպում կարող է տեղի ունենալ օգոստոսի 31-ին պոնտիֆիկոսի՝ Մոնղոլիա ճանապարհին կամ սեպտեմբերի 4-ին վերադառնալիս։