Մինչեւ խոր ծերություն առողջ ուղեղ ու լավ հիշողություն ունենալու համար հարկավոր է վարել առողջ ապրելակերպ։ Գիտնականները պարզել են նաեւ, թե որ հոբբին կարող է օգնել դեմենցիայի դեմ կանխարգելիչ պայքարում։
Մասնագետները վստահեցնում են, որ ծերունական թուլամտություն առավել հաճախ ունենում են նրանք, ովքեր սխալ կենսակերպ են վարում՝ քիչ են շարժվում, վնասակար սովորություններ ունեն, մարդկանց հետ քիչ են շփվում, առողջությունը վնասող սնունդ են ընդունում։ Մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ հոբբի, որը կօգնի, որ ուղեղը մարզվի եւ առողջ լինի։ Ուղեղն էլ մյուս օրգանների պես կարող է «չաշխատելու» դեպքում ատրոֆիայի ենթարկվել:
Գիտնականները պարզել են, որ կան հոբբիներ, որոնք կարող են օգնել, որ ուղեղն առողջ մնա։ Օրինակ՝ շատերը մանուկ հասակում սիրում են օրագիր պահել եւ գրել իրենց մտորումների, տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ոմանք էլ սիրում են գրություններ ուղարկել իրենց մտերիմներին։ Կան մեծահասակներ, որ պահպանում են իրենց այդ սովորությունը։ Մասնագետները պարզել են՝ այսպիսի սովորություն ունեցող մարդկանց շրջանում Ալցհայմերի հիվանդություն ունենալու հավանականությունը նվազում է շուրջ 11 տոկոսով։ Իսկ ծերունական թուլամտություն ունեցողներին խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ բուժման ընթացքում պարբերաբար կանոնավոր աշխատել համակարգչով։