Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել թույլ տալու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։
Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ քայլեր ձեռնարկելու ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։
«Տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումը խաղաղ բնակիչներին զրկել է կենսական նշանակության դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Ժողովրդավարական կառավարություններին կոչ ենք անում ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալու անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»,- ասված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ չնայած համառ ջանքերին՝ իրենք չեն կարողանում արցախցիներին օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով։