ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 26-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա։ «Դրան առնչվող հարցեր են երեկ քննարկվել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, եւ հույս ունենք, որ հիշատակված շփումները առաջիկայում տեղի կունենան»,– ասել է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի` անհրաժեշտ ամեն բան արվում է Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այն պետք է ներառի նաեւ մարդասիրական ոլորտը, ինչպես նշվել է 2022-ի հոկտեմբերի 31-ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Զախարովան նշել է, որ կարեւոր է դրական մթնոլորտ ձեւավորելը Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, կրոնական առաջնորդների միջեւ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահությունն ամրապնդելու նպատակով միջխորհրդարանական եռակողմ շփումների հաստատման համար։