ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2024-ին կսկսվի Դիլիջանի եւ Պուշկինի ավտոմոբիլային թունելների հիմնանորոգումը, որոնք երբեք կապիտալ չեն վերանորոգվել։ Նախարարը նշել է, որ խորհրդային տարիներին կառուցված ճանապարհներն ու կամուրջները նախատեսված չեն եղել ծանրաքաշ մեքենաների` վերջին տարիներին ավելացած մեծ հոսքի համար։ Արդյունքում ճանապարհները չեն դիմանում նման ծանրաբեռնվածությանը, որոշ դեպքերում նույնիսկ փլուզումներ են տեղի ունեցել կամուրջների վրա:
Սանոսյանը նշել է, որ արդեն վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաեւ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի միջեւ ընկած հին ճանապարհին, որը ժամանակավորապես կփոխարինի Դիլիջանի թունելին։ Ընդհանուր առմամբ, 2024-ի համար նախարարությունը ներկայացրել է 347,5 միլիարդ դրամի հայտ, որը 2023-ի հայտի համեմատ մոտ 17%–ով ավելի է։ 2024-ին ճանապարհների շինարարության եւ վերանորոգման համար նախարարությանն անհրաժեշտ է 153 միլիարդ դրամ։
Սեւանից Դիլիջան ճանապարհը կրճատող եւ լեռնային մի շարք ոլորաններ շրջանցող Դիլիջանի թունելի կառուցումը սկսվել է 1970-ին։ Շինարարությունը վերսկսվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով եւ ավարտվել 2000-ականների սկզբին: Վանաձոր եւ Ստեփանավան քաղաքների միջեւ ընկած մայրուղու վրայի Պուշկինի թունելը կառուցվել է 1960-ականների վերջին եւ 1970–ականների սկզբին։