Գյումրու Բեռլին ART-ի տանիքում՝ նորաբաց «Ռուֆ 25» ինֆոկենտրոնում, «Թատրոն տանիքում» թատերախումբը, որի բեմը ամենատարբեր տանիքներն են, ներկայացում խաղաց գյումրեցի հանդիսատեսի առջեւ:
Դերասանական մասնագիտացված խումբը բեմականացրեց ամերիկացի գրող Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ն: Ասելիքը հստակ էր. այս խառնաշփոթ իրականության մեջ յուրաքանչյուր ոք փրկությունը պետք է գտնի սիրո մեջ:
«Ռուֆ 25»-ում ներկայացումից առաջ ելույթ ունեցան նաեւ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանի փողային եւ հարվածային գործիքների բաժնի ուսանողները:
Ինֆոկենտրոնի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ հանդիսատեսը տանիքում թատրոնը ընդունեց ենթադրվածից ավելի բուռն: Սահմանված տեղերն ավելի սակավաթիվ էին, քան մասնակցել ցանկացողները: Նա վստահ է՝ նախաձեռնությունը կդառնա Գյումրին մշակութային տուրիզմի կենտրոն դարձնելու գործուն քայլ:
Թատերախումբն ու «Ռուֆ 25»-ը պայմանագիր են կնքել. այսուհետեւ Բեռլին ART-ի տանիքում ներկայացումները լինելու են պարբերական: